Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի քան շոկային էր տեսնել, որ վարչապետն է հաստատում բուհի կառավարման խորհուրդը». «Բարձրագույն կրթության» մասին նոր օրինագծի առիթով

Հունվար 29,2018 18:20

«Ավելի քան շոկային էր տեսնել, որ վարչապետն է հաստատում բուհի կառավարման խորհուրդը»,-«Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանը, անդրադառնալով «Բարձրագույն կրթության» մասին նոր օրինագծին, մտահոգություն հայտնեց «Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, կրթության փորձագետ Արևիկ Անափիոսյանը:

Խոսելով նոր օրենքի մասին՝ նա հայտարարեց. «Ավելի քան շոկային էր տեսնել, որ վարչապետն է հաստատում բուհի կառավարման խորհուրդը և նույնիսկ, որ ԵՊՀ-ն ունի բացառիկ դիրք»: Ըստ նրա՝ այս որոշումն ուղղված էր ԵՊՀ-ից ծնվող, մեծ թափ ստացող ուսանողական շարժումները ճնշելուն:

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի կարծիքով՝ իրականում օրենքում փոփոխություններ կատարելը պետք էր նախաձեռնել վաղուց, երբ մոտ հինգ տարի առաջ առաջին անգամ բարձրաձայնվեցին արմատական խնդիրներ՝ կապված բուհական համակարգի կառավարման խորհրդի քաղաքականացվածության և դրանով պայմանավորված՝ կրթության որակի հետ:

Ըստ պարոն Ամիրյանի՝ ներկայիս օրենքում փոփոխություն է կատարվել, բայց բուհերի ակադեմիական ազատություններին դրանք չեն խթանում. «Ունենք գործադիրի և հիմնադիրի կողմից տեղերի սահմանում: 30 տոկոս պետք է լինեն գործատու միջավայրի ներկայացուցիչներ, որը բուհի գիտխորհրդի կողմից է առաջարկվում»:

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նկատեց՝ իրականում ոչ թե ունենք մեկ նախագիծ, այլ երկու տարբեր բաներ բերել խառնել են: Նա պարզաբանեց. «Մի բաղադրիչը մեր միջազգային պարտավորություններն են և բոլոնյան գործընթացի շրջանակներում այդ համակարգին անցումն է՝ կրեդիտներ, միավոր, առաջադիմություն, որը պիտի անեին: Մյուսն այս թաքուն բաներն են, որ բերել, լցրել են սրա հետ: Ուստի, եթե խոսում ենք ամբողջ օրենքի դեմ, ստացվում է, որ դեմ ենք առաջադիմությանը: Ինչպես պարոն Բաբլոյանը թույլ տվեց Ելքի հասցեին ասել, երբ խոսում էինք հարկային օրենսգրքի դեմ: Սա դարձել է ձեռագիր ՀՀԿ-ի կողմից»:

Դառնալով վարչապետի կողմից խորհրդի կազմը հաստատելու մասին դրույթին՝ պարոն Միրզոյանն նշեց. «Ոլորտ առ ոլորտ, ճյուղ առ ճյուղ ՀՀԿ-ն իր կառավարության միջոցով հաստատում է վարչապետի տոտալ վերահսկողություն: Անգամ բուհի կառավարման խորհրդի կազմը վարչապետն է հաստատելու: Իսկ մեզ համար գաղտնիք չէ, թե վարչապետն ով է լինելու: Ամեն ինչ հարմարեցվում է այդ մարդու տոտալ վերահսկողությանը»:

Օրենքի մյուս խութը պարոն Միրզոյանը համարեց ուսանողական խորհուրդների ֆինանսավորման մեխանիզմը. «Ըստ այս նախագծի՝ ուսանողական գիտական ընկերությունն ու ուսանողական խորհուրդը ֆինանսավորվում են բուհի արտաբյուջեից: Օրենքում որևէ այլ տեղ չի սահմանվում, թե ինչ արտաբյուջե է, թե ինչ հոսքեր կան այդտեղ և ինչ ծախսեր պիտի արվեն»:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ օրենքով հնարավորություն չի տրվում բացի ուսանողական խորհրդից այլ ուսանողական խմբերի գործունեությանը: Մյուս խնդիրը՝ ըստ պատգամավորի այն է, որ նվազելու է բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների ներգրավվածությունը: Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ նոր օրենքում բուհի կառավարման խորհուրդներում ուսանողների ներգրավվածությունը 25 տոկոսի փոխարեն կազմելու է 10 տոկոս:

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վարդան Բոստանջյանը ևս քննադատություններ հնչեցրեց օրենքի առիթով:

Նա տեղեկացրեց, որ իրենց հանձնաժողովը այս կապակցությամբ լսումներ է կազմակերպելու. «Մտահոգիչ է այն հանգամանքը, որ դեռևս մինչև այսօր մտածված ձևով չես կարողանում հասկանալ, թե նախագծի որ տարբերակն է գտնվում շրջանառության մեջ: Միջազգային պարտավորությունների կատարումը մեզ մոտ իմիտացիոն բնույթ է կրում: Որպես տրամաբանող մարդ՝ կարծում եմ, որ հակասությունները, կարճ միացումներն այս նախագծում բավականաչափ շատ են: Ըստ էության հոգաբարձուների խորհուրդ կոչեցյալը դառնում է ոչ այլ ինչ, քան օղապարան տվյալ բուհի ինքնավարության, ակադեմիական ազատությունների համար:  Մի խոսքով, խոցելի տեղերն այս օրենքում շատ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031