«Մակրոնը չի ակնարկել տարածքային զիջումների մասին, նման բան չի եղել: Ֆրանսիան եռանախագահող երկիր է, նրա դիրքորոշումը ԼՂ խնդրի շուրջ միասնական է. մոտեցումը փաթեթայինն է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Արցախյան հակամարտության կարգավորումը համարձակ զիջումներ է պահանջում, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ապա նախարարը խոսեց ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի, հայտնի որպես «Ռոբսոն», հայտարարության մասին, թե վերջինս իր խորհրդականն է: Նալբանդյանը հստակեցրեց՝ նա իր խորհրդականն է եղել 2016թ. կեսերից մինչեւ նախորդ տարվա վերջը: «Նա զբաղվել է ՌԴ հարավային շրջաններում հայերին աջակցելու հարցերով»,-տեղեկացրեց Էդվարդ Նալբանդյանը:
Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք իր համար մտահոգիչ չէ՞ այն փաստը, որ Թաթուլյանի անունը կապվում է քրեական աշխարհի հետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ