Իրականում կա՞ր Արմեն Սարգսյան-Վազգեն Սարգսյան հակասությունը, ասում են նաեւ, որ Արմեն Սարգսյանը մեր իրականության հետ կապ չունեցող, խորթ է եղել ու դա շուտ հասկանալով՝ Վազգեն Սարգսյանը նրան ճանապարհ դրեց: Այսօր «Հայելի» ակումբում այս հարցին ի պատասխան՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ասաց. «Ես այդ օդի մեջ եղած խոսակցությունները լսել էի եւ բոլորովին սրբվեց, ցնդեց գնաց Վազգեն Սարգսյանի եղբոր հարցազրույցից հետո: Նա ասաց՝ ժողովո՛ւրդ, վերջ տվեք՝ Վազգեն Սարգսյանը Արմեն Սարգսյանի մտերմագույն բարեկամն է եղել, ես կարծում եմ նաեւ՝ նրան վարչապետ բերելու ուժերից մեկը: Արմեն Սարգսյանի ու Վազգեն Սարգսյանի մեջ ոչ մի հակասություն չի եղել: Ես գիտեմ, որ Վազգեն Սարգսյանի մահվանից երկու օր հետո Արմեն Սարգսյանն ու Վաչե Մանուկյանը եկան Հայաստան, ես եմ գնացել օդանավակայան դիմավորել նրանց, բերել եմ»:
Հարցին՝ փաստ է, որ հետո Վազգեն Սարգսյանը եկավ իշխանության, դա ձեզ մոտ հարց առաջ չի՞ բերում՝ Ռազմիկ Դավոյանը պատասխանեց. «Չէ, բացարձակ: Արմեն Սարգսյանն էլ է ասում, Վազգենի եղբայրն էլ է ասում, որ առողջության խնդիրն է եղել հիմնական գնալու պատճառը, էլ ի՞նչ հարց պիտի առաջացնի: Տասնյակ տարիներ Վազգեն Սարգսյանը, Վաչե Մանուկյանը, Արմեն Սարգսյանը մտերիմ ընկերներ են եղել: Հետո Լոնդոն գնալուց, դեսպան դառնալուց հետո հաճախակի հանդիպումներ են ունեցել եւ Մոսկվայում»:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը Սարգսյանի վերադարձի մասին չարենցյան տողով ասաց. «Վերադարձը դարձ չէ այլեւս եւ ոչ էլ կրկնություն ունի»:
Ըստ նրա՝ Արմեն Սարգսյանը հիմա մեծ փորձով վերադառնում է հայրենիք՝ բարով գա, բարով կառավարի, բայց մի բան ունեմ ասելու: Եկողները լավ մարդիկ են գալիս, բայց հետո շատ արագ իրար են նմանվում: Թող իրար չնմանվեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթե մի բան չի եղել ինչու են բոլորը ուզում ապացուցել ,որ չի եղել. Հետևություն- ուրեմը եղել է