Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ը բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին եւ գրականագետ Դավիթ Գասպարյանին հարցրեց՝ հաճախ մտավորականության հասցեին մեղադրանքներ են հնչում, որ բավարար չափով մասնակից չեն լինում խնդիրների բարձրացմանը, իշխանությանը չեն նեղացնում, դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ քննադատություններին: Ռազմիկ Դավոյանը պատասխանեց. «Ես այդ քննադատություններին ուշադրություն չեմ դարձնում, որովհետեւ այն ժամանակ, երբ ժողովրդին ասում էինք, որ սխալ ես անում, այդպիսի բաներ մի արա, մեր վրա քարեր նետեցին, կոնկրետ ինձ վրա քարեր նետեցին: Քարեր նետելուց զատ, դա էլ ոչինչ, մեր ժողովուրդն է, իրավունք ունի եւ քար նետի եւ ինչ ուզի անի»:
Դավիթ Գասպարյանն էլ կատակեց. «Կա քարեր նետելու ժամանակ եւ քարերը հավաքելու ժամանակ»:
Ըստ Ռազմիկ Դավոյանի, ժողովուրդը քար նետեց, որովհետեւ «աչքը մշուշված էր, ականջը՝ խուլ, ուրիշ բան էին լսում, ուրիշ բան էին տեսնում»:
Դավոյանն ասաց, որ իշխանություններից ինչ բողոք ու դժգոհություն ունի, ոչ թե հրապարակային է դա անում, այլ գերադասում է ուղղակի իրենց ասել. «Ասում եմ՝ եթե այսօր այս ասվածը չլսեք, վաղը ժողովուրդը կարող է ուրիշ ձեւեր գտնել պահանջելու»: Թե ինչպե՞ս են արձագանքում իշխանությունները Դավոյանի քննադատությանը՝ երբեմն ասում են իրավացի եք, երբեմն ասում են՝ հնարավորություն չկա. «Իմացեք, որ իշխանությունը մեկ միավոր չի, բազմադեմ, բազմամիավոր կառույց է, որտեղ մեկը, որ ամենակարեւորն է, դա կլինի ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նրանց հետ բոլորը չեն, որ մերված ու ձուլված են: Շահախնդրություններ կան, հազար ու մի թերացումներ կան, բայց, ինչպես ասում են, հմուտ նավավարը կամ հեծյալը սանձերը ձեռքին պահելու բոլոր փորձերը պետք է անի, բայց բոլոր ժամանակներում չի, որ կարող են դա իրագործել, պետք է սա ըմբռնեն»:
Դավիթ Գասպարյանը, խոսելով մեր բանակի մասին՝ ասաց, որ Ղարաբաղի ազատագրումից բացի, այսօր եթե մի պարծենալու բան ունենք, հայոց բանակն է. «Ուրիշ բան է սպասարկումը, ղեկավարումը, ապրիլյան դեպքերից հետո մենք իմացանք ինչ է տեղի ունեցել, այդ ամենը չկրկնվի: Մենք մեր երեխաին մատաղի պես սահման ենք ուղարկում, ամեն ինչ պիտի անենք, որ զոհ չլինի:
Ռազմիկ Դավոյանի խոսքով՝ «Իմ փոքր տղան Լոնդոնի Իմպերիալ համալսարանից դուրս եկավ, եկավ հայրենիքին պարտքը տալու, հայոց բանակում ծառայելու, նոր այդքանից հետո կգնա իր ճանապարհով: Սկզբնական շրջանում շատ դժվար էր, բայց կամաց-կամաց, երբ ընկավ հունի մեջ, սկսեց հասկանալ մեր կենցաղը, մեր հարաբերությունները, մենթալիտետը, ընկերական շրջապատ տեսավ»:
Մեր հարցին՝ իրավապաշտպան կազմակերպությունները ուսումնասիրել են բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը եւ մտահոգություններ կա, ինքնասպանությունները մեծ թիվ են կազմում, ուստի հարց է առաջանում՝ գուցե եկեղեցականները չե՞ն կարողանում հոգեբանական լավ ծառայություններ մատուցել՝ Ռազմիկ Դավոյանը պատասխանեց. «Ես իմ պահանջներն ունեմ այդ ասպարեզում: Այո, հոգեբաններ պետք են բանակին, պետք է հոգեբանները լինեն բարձր մտավորական մարդիկ: Մեր երիտասարդները, ինքնասպանությունների մի մասը, որ կա, իրար հետ չմերվելու արդյունք են, մեկը մյուսի նկատմամբ գերակայության դրսեւորումների արդյունք են եւ դա ուղղակի աններելի է: Սպայական կազմն ինքն էլ հոգեբանների կարիք ունի, որպեսզի առաջնորդվի մի ձեւով, որ թելադրական է այդպիսի երեւույթների վերացման ուղղությամբ:
Խոսելով ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի մասին՝ Ռազմիկ Դավոյանն ասաց. «Եթե ժողովրդի մեջ խոսակցություններ կան 1000-ական դրամները հավաքելու վերաբերյալ կամ մեր զինվորներինն անմիջական օգնությանը, կասկածանք թող չունենան, որովհետեւ այն մարդը, որն այսօր գլխավորում է Հայոց բանակը՝ Վիգեն Սարգսյանը անբիծ կենսագրություն ունի, ոչ կոռուպցիայի մեջ է խառնված, ոչ որեւէ բանի: Ինչքան որ ես տեղյակ եմ»:
Դավիթ Գասպարյանն էլ ասաց. «Ֆիզուլիի զորամասերից մեկում դասախոսություն, զրույցից հետո երկու զինվոր մոտեցան ինձ եւ ասացին՝ պարոն Գասպարյան, մենք այս թիկունքում ի՞նչ ենք անում, մեր ղեկավարությանն ասեք, թող մեզ տանեն առաջին գիծ, մենք եկել ենք կռվելու, ոչ թե թիկունքում օր մթնեցնելու: Այ էս ոգու տեր տղաների եմ տեսել: Այնպես պետք է անենք, որ զինվորի սնունդը, հացը որակյալ լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Շատ կուզեի իմանալ որտեղ է ծառայում Ռազմիկ Դավոյանի տղան