Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելորդ չէր լինի Ալիեւին հնարավորություն տալ մասնակցել «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը». Նալբանդյանի հեգնանքը

Հունվար 29,2018 17:14

Այսօրվա ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանեց նաեւ պաշտոնական Բաքվի այն հայտարարությունները, թե ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո հրապարակված բրյուսելյան հռչակագրում Արցախյան հակամարտությանն առնչվող հատվածում նախընտրություն է տրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին: Նալբանդյանը նշեց, որ դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է. «Հռչակագիրը վերահաստատել է երեք հայտնի դրույթները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշում: Ֆեդերիկա Մոգերինին էլ իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ջանքերին ու առաջարկություններին: Այսինքն, հստակ է ամեն ինչ»:

Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանն անընդհատ փորձում է խուսափել նշյալ փաստերից:

Ապա նախարարն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններից մեկին, թե՝ «Ադրբեջանի համար չսպիացող վերք է այն փաստը, որ իրենց պատկանող Երեւանը Հայաստանի կազմում է»: Նախարարի համար նման «պնդումները» նորություն չէին: Նա հեգնեց. «Ավելորդ չէր լինի Ալիեւին հնարավորություն տալ գալ եւ մասնակցել «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը…գուցե պատմությանը մոտիկից ծանոթանար»:

Նալբանդյանը ապատեղեկատվություն որակեց նաեւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության տարեկան զեկույցի այն դրույթը, թե ՀՀ-ն ինչ-ինչ նախապայմաններ է առաջադրել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանի շուրջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031