Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսանք սատկած խեցգետին, որի վրա շերտով խյուս էր նստած». Գևորգ Գորգիսյան

Հունվար 29,2018 17:07

Գարշահոտություն, կենդանիները գալիս ընկնում են պոչամբար, տեղի բնակիչների բերքն աղտոտված է ծանր մետաղներով, մարդիկ ունեն լուրջ առողջական խնդիրներ: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը www.ecolur.org կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը, խոսելով «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև գործող հին պոչամբարի վտանգների մասին, ահազանգեց. «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ընկերության կողմից նախկինում փակված պոչամբարներն արդյունավետ չեն փակվել. հողի շերտն այնքան բարակ է, որ պոչանքները մակերեսին երևում են, և անձրևաջրերի հետ այդ ամբողջ հոսքերը լվացվում ու սահելով իջնում են Ախթալա գետը: Ծանր մետաղների մի ամբողջ խումբ կարող եք գտնել: Գետը որպես այդպիսին գոյություն չունի, դարձել է լրիվ պոչատար: Գյուղատնտեսության մեջ չենք կարող օգտագործել այս ջուրը: Ախթալա գետն էլ գալիս լցվում է Դեբեդ գետը: Այստեղ ոչ միայն պոչամբարների արտահոսքերն են, այլև նախկինում շահագործված, լքված հանքախորշերից ելնող ջրերը: Մենք այս ամբողջ տարածքում ունենք մեռյալ գոտի»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Մարզպետ Քամալյանն էլ նշեց, որ տեսչական մարմինն այժմ ստուգում է այդ ընկերության գործունեությունը. «Իրոք, Նահատակ պոչամբարը շահագործման ընթացքում մոտենում էր իր ավարտին, կար մեկուկես տարի ժամանակահատված, և ընկերությունն արդեն խնդիր ուներ նոր պոչամբարի հետ կապված: Ընկերության տեխնոլոգիական ընթացքը միջազգային փորձի հետ կապված չէ, ունենք խորհրդային տարիներից եղածը: Ընկերությունը նոր նախագիծ ներկայացրեց բնապահպանության նախարարություն և ստացավ դրական եզրակացություն»:

Պարոն Քամալյանի վստահեցմամբ՝ Ընդերքի մասին օրենքում փոփոխությունների համաձայն, եթե մինչև այդ պոչամբարները չէին համարվում ընդերքօգտագործման թափոններ, ապա այս օրենքով ստեղծվում են պայմաններ, և կառավարության որոշումներ կան, թե ինչպես դրանք պետք է անվտանգ դարձնել: Նա մանրամասնեց. «Ընկերությունը պետք է կառավարման պլան ներկայացնի: Եթե տնտեսվարողն ինքը չի կարող միջոցներ ձեռնարկել անվտանգ դարձնելու համար, նա պետք է ֆինանսական երաշխիքներ տա, և պետք է պետությունն ապահովի այդ անվտանգությունը»:

Պարոն Քամալյանի տեղեկացմամբ՝ այժմ ստուգումներ են ընթանում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ում, և եթե խախտումներ լինեն, նրանց նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն էլ մտահոգություն հայտնեց, որ այս խնդիրը վերաբերում է ՀՀ-ում շահագործվող առանց բացառության բոլոր հանքավայրերին. «Հանքավայրի մեկ օրինակ ցույց տվեք, որ իրականացնում է պոչամբարների նորմալ կառավարում, և նրա պոչամբարներն արտահոսքեր չունեն, որոնք չեն լցվում ջրահոսքերը»:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատմեց, որ մի քանի օր առաջ Թեղուտի կողմերում են եղել և մասնավորապես Այրումի պոչամբարում ուսումնասիրություն են կատարել: Այս առիթով պատգամավորն ասաց. «Պոչամբարը լցվել է, ու ժամանակ առ ժամանակ այդտեղից թողնում են ջուրը, և խյուսն առուներով գնում է: Իսկ ձեր տեսչությունը ստուգումներ է արել ու պնդում է, թե ամեն ինչ նորմալ է: Ուստի լուրջ հարցեր են առաջանում, թե դուք որքանով եք օբյեկտիվ: Մենք այնտեղ գտանք սատկած խեցգետին, որի վրա շերտով այդ խյուսը նստած էր: Այդ ամենը Դեբետն է լցվում, ու երբ վրացիները հայտնաբերեցին, որ այդ թունաքիմիկատները ուղարկում ենք իրենց, լուրջ միջազգային խնդիր ենք ունենալու: Բացի այդ մարդիկ խյուսով ջրով են ոռոգում իրենց այգիները, ու մենք այդ պտուղն ուտում ենք»:

Մարզպետ Քամալյանը հակադարձեց՝ ստուգման ընթացքում նման բան չենք տեսել, թե այդ ամենը Դեբետ գետն է լցվում: Պարոն Գորգիսյանն էլ նշեց, թե մտահոգությունները միայն իրենց կառույցին չեն վերաբերում, այլ ողջ ոլորտին: Պատգամավորը հայտարարեց. «Բնապահպանության նախարարությունը չգիտե՞ր այդ մասին, մեր օրենքների մեծ մասը կառավարությունն է նախաձեռնում, մինչև հիմա ինչ-որ բան ինչո՞ւ չի արվել: Միջազգային սկանդալի վերածվելու վտանգ կա: Երբ այդ թունավոր նյութերը գնում էին Ադրբեջան, ասում էինք մեր թշնամուն է գնում, հիմա նույն բանը Վրաստան ենք ուղարկում, Արաքսն է գնալու լցվի: Առանց այդ էլ երկու հարևան ունենք, իրենց հետ էլ հարաբերությունները փչացնենք թափոնների պատճառով հետո՞ ինչ անենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031