«Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկումների տեղիք տվեց: Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա ասաց, որ միավորումները լինելու են կամավոր եւ պարտադիր սկզբունքով: Կամավորի դեպքում`համայնքների որոշելիքն է, պարտադիրի դեպքում`կառավարության: Դրանք, սակայն, դեռ պետք է խորհրդարանի կողմից հաստատվեն: Միավորումները կարող են լինել տարբեր հարցերի շուրջ:
Պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին նախարար Արամ Հարությունյանի հարցին, Վաչե Տերտերյանը հստակեցրեց օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը`համայնքներն իրենց լիազորություններն ավելի էֆեկտիվ իրականացնեն, պետությունը կարողանա ավելի էֆեկտիվ պատվիրակել լիազորություններ`ավելի նեղ մասշտաբի մեջ:
Այս նախագիծն Արամ Հարությունյանի սրտով չէր: Թե նա, թե մյուս պատգամավորները մտահոգիչ բաներ էին տեսնում:
Մանրամասները`տեսանյութում
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը փոխնախարարից հետաքրքրվեց`եթե իրար հետ ուզում են մի հատ մարզադաշտ սարքեն, կամ կոյուղի: «Կռվախնձոր կլինի»,- միջամտեց նույն խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը` նկատի ունենալով թե ֆինանսական, թե մյուս հարցերը:
Հրանտ Մադաթյանը համաձայն է. «Մեծ համայնքը չի սարքի, փող ունենա ինքը կսարքի իրա համար»: Վաչե Տերտերյանը համամիտ չէ: Ասում է`երկուսով իրար հետ բան են որոշել, ուրեմն բոլոր հարցերը հստակեցրել են: Դա միավորման կամավոր սկզբունքն է: Հավելում է` պարտադիրի դեպքում միավորում ենք այն գործառույթների համար, որոնց համար փող ենք տալիս:
«Կարծում ենք, սա համայնքների խոշորացման երրորդ փուլն է: Նախորդները խնդիրներ են առաջացրել, ուղղակի չենք ուզում ասել: Չեմ կարծում, որ վաղը անհրաժեշտ է այս միավորումները ստեղծել, երբ խոշորացումը դեռ ընթացքի մեջ է, 40-50 համայնք դեռ չեն միավորվել: Ի՞նչն է շտապողականության պատճառը, որ անհավասար պայմանների մեջ ենք դնում համայնքներին»,- սա էլ հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի կարծիքն է: Վաչե Տերտերյանը համամիտ չէ, բայց շտապողականության պատճառներից չի խոսում: Միայն ասաց, որ դրանցից որոշները մինչեւ երկրորդ ընթերցում կշտկվեն:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին: ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը, չնայած իր մի շարք վերապահումների`կողմ քվեարկեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ