Նախիջեւանի կողմից հակառակորդն ամրացնում է իր ուժերը, դուք ի՞նչ վտանգ եք տեսնում այս պահին: Այսօր «Հայելի» ակումբում այս հարցին ի պատասխան վետերան-հետախույզ Վովա Վարդանովը պատասխանեց. «Ադրբեջանի բանակային կորպուսը երբ դարձավ բանակ, սկսեց ավելի լավ սպառազինվել: Դա, իհարկե, տակտիկ նշանակություն ունի շատ կարեւոր, ստրատեգիական ոչ մի ձեւով կարեւոր չի, որովհետեւ Նախիջեւանը…եթե մենք ցանկություն ունենանք ջնջելու՝ կջնջենք, նույնիսկ եթե այնտեղ միջուկային չգիտեմ քանի հատ դիվիզիոն սատանա կանգնած լինի: Խնդիրն ավելի շուտ մեր քաղաքական որոշումների մեջ է, մեկ էլ ռազմական դաշինքների, ռազմաքաղաքական դաշինքների մեջ մեր ճիշտ տեղը չզբաղեցնելն է: Մենք հիմա ռազմական դաշինքի մեջ ենք մտնում, որտեղ բացարձակ դեր չենք խաղում՝ պեշկայի դեր ենք խաղում, մաքուր պեշկայի: Նույնիսկ երբ որ մաքուր ՀԱՊԿ-ի տարածքի վրա կրակում են, ՀԱՊԿ-ի վեջը չի: Ընդհանրապես ինչի՞ համար ենք այդտեղ մնում: Կամ խի՞ պիտի մեր ռազմադիվանագիտությունը կամ դիվանագիտությունը թեկուզ մի կոպեկ աշխատավարձ ստանա, եթե իր գործառույթները չի կատարում: Եթե նորմալ դիվանագիտություն եւ ռազմադիվանագիտություն ունենայինք, Նախիջեւանը մեզ պարսիկները, ռուսները նվեր կտան: Այ այդ դաշտում է պետք աշխատել ավելի շատ, թե չէ լեռների ու Արաքսի մեջ մխրճված այդ դաշտավայրը մեկից մեկ է գրավելը եւ ոչնչացնելը այնտեղ եղած ցանկացած զորախումբ…ավելի շատ դաբրոյի հարց է»:
Իսկ գնդապետ, արցախյան պատերազմի մասնակից Վոլոդյա Հովհաննիսյանն էլ ասաց, որ մեզ համար խնդիրներից մեկն այն է, որ Երեւանում ռմբապաստարաններ չկան. «5 դպրոց եմ մտել վերջերս, բոլորը Սովետական միության ժամանակ նախատեսված ռմբապաստարաններ ունեն, բոլորը զիբիլանոց են»:
Վովա Վարդանովն էլ հավելեց՝ «ռմբապաստարանները հիմա կա՛մ զիբիլանոց են, կամ պահեստ, կամ էլ արենդով են տալիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ