Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն, ըստ որի «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից գողություն կատարելու մեջ կասկածվող անձին մահացած են գտել: 48-ամյա տղամարդը մահացել է երեկ՝ հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում: Նրան հայտնաբերել են Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 2-րդ գերեզմանատանը: Նախնական տվյալներով՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը։
Ենթադրյալ հանցագործություն կատարելու համար Արսեն Գրիգորյանը հետախուզման մեջ էր գտնվում հունվարի 8-ից:
Հիշեցնենք, որ նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն էր բերման ենթարկվել, ապա ձերբակալվել մասնաճյուղի կառավարիչ 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանը: Կողոպուտի արդյունքում, կազմակերպությանը հասցվել էր 281 միլիոն դրամի գույքային վնաս: Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել էր գողոնի միայն մի մասը՝ մոտ 90 մլն դրամի ոսկյա զարդեր:
Իսկ կազմակերպությունից վարկ վերցրած քաղաքացիներն, ովքեր տուժել են կողոպուտի արդյունքում, արդեն հույսները կտրել են, որ իրենց ոսկյա զարդերը երբեւէ հետ կվերադարձվեն: Նրանց մեծ մասը համաձայն չէ նաեւ կազմակերպության տնօրինության կողմից առաջարկվող պայմանների հետ:
Որոշներն էլ դժգոհում են, որ բացի այն, որ իրենց ոսկյա զարդերը կորել են, կազմակերպությունը նաեւ ամսական տոկոսադրույք է վերցնում, չսպասելով՝ մինչեւ հարցին լուծում կտրվի:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ