Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն ասում է՝ փիլիսոփային տարկետում տանք՝ ի՞նչ անենք» (Տեսանյութ)

Հունվար 29,2018 16:36

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները մի շարք խնդիրներ են տեսնում վերջերս կառավարության ընդունած որոշման մեջ, որը վերաբերում է տարկետման տրամադրմանը:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում՝ ՄԱՀՀԻ-ում քննարկման ժամանակ ասաց, որ «Զինվորական ծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություններին իրենք իրենց անհամաձայնությունն են տվել, իշխանությունը պատճառաբանել է, որ տարկետում տրվելու է հանճարեղ ու բացառիկ ուսանողներին: Պետրոսյանը նշեց՝ կառավարության ընդունած որոշումը խնդրահարույց է հենց սահմանված որոշակի չափանիշների համաձայն այդ հանճարեղ ուսանողներին բացահայտելու գործընթացում:

Տարկետում տրվելու է 100 բալանոց սանդղակով ու որոշակի չափանիշներին համապատասխանելիության դեպքում: Ասենք՝ թե որքան գիտական հոդվածներ է գրել, որքան գիտաժողովների մասնակցել ուսանողը:

«Շատ գիտնականներ ու դասախոսներ այդ չափանիշներին դեմ են, այդ չափանիշներով հնարավորություն չի լինելու բացահայտել ուսանողների պոտենցիալը գիտնական դառնալու կամ լավ սովորելու»,-ասաց Դավիթ Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ կառավարության որոշմամբ հանձնաժողով է ստեղծվելու, որն էլ նշված բալերի ու չափանիշների հիման վրա որոշելու է՝ ում տալ տարկետում կամ հանճա՞ր է, արդյոք, այդ ուսանողը. «Վերջնական որոշումը կայացնելու է հանձնաժողովը, այստեղ էլ կա խնդիր: Պետական ինստիտուտների հանդեպ կա անվստահություն, եթե շատ լավ օրենք էլ լինի, վճռական չի լինելու, քանի որ հանձնաժողովն է որոշումը կայացնելու, եւ հնարավոր է ուսանողի շահերից չլինի: Հանձնաժողովում, մեր կարծիքով, պետք է նաեւ քաղաքացիական հասարակությունից էլ անդամներ ներկայացված լինեն, հանձնաժողովի կազմը պետք է լինի փոփոխվող: Այդ հանձնաժողովը պետք է կապ հաստատի ուսանողի հետ, ոչ թե միայն փաստաթղթերը ուսումնասիրելով բավարարվեն: Բացի այս, ոչ բոլոր ուսանողները հնարավորություն ունեն գիտաժողովներին մասնակցելու, այսօր բոլորս էլ գիտենք, որ կարող են գումար տան ու իրենց համար հոդված գրեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պետրոսյանի կարծիքով՝ եթե տարկետման տրամադրելու գործընթացում կան խնդիրներ, պետք է այդ խնդիրները վերացվեն, ոչ թե համակարգը վերացնեն. «Եթե տարկետման տեղերը չեն համապատասխանում պետության պահանջներին, եկեք պահանջները վերաձեւակերպենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Քննարկմանը ներկա նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն էլ ասաց, որ կառավարության հետ քննարկումների ժամանակ հասկացել է, որ իշխանությունն այն կարծիքի է, որ հումանիտար ուղղությամբ սովորող ուսանողներին պետք չէ տարկետում տալ. «Ասում են՝ փիլիսոփային տարկետում տանք՝ ի՞նչ անենք: Բայց եթե որոշ առարկաների ուղղությամբ խնդիրներ կան, ֆակուլտետը թույլ է, եթե լավ մասնագետներ չեն տալիս, ուրեմն՝ խնդիրը կրթության ոլորտում է, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է այդպես»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ավագյանն ասաց, որ պետք է սպասեն՝ տեսնեն, թե այդ տարկետման որոշման այդ 100 բալանոց համակարգն ինչպես է աշխատելու, որպեսզի հասկանան իրենց հետագա քայլերը:

Բանախոսները նշեցին, որ իրենց մտահոգություններից մեկն էլ այն է, որ կրթության անընդհատության սկզբունքն է խախտվելու, եւ դա բացասական հետեւանք է ունենալու ուսանողների կրթության գործընթացի վրա, համալսարանական եւ գիտական կյանքի վրա է ազդելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031