Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տվեց իր գնահատականները

Հունվար 29,2018 16:25

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության 11-րդ համագումարի աշխատանքներն ավարտվեցին հունվարի 28-ին:

11-րդ համագումարը Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տվեց իր գնահատականները.

Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալապես անապահով հատվածն ունի կուսակցության գործնական աջակցության կարիքը, որը դրսևորվելու է քաղաքական բոլոր հնարավոր հարթակներում և շարունակելու է մնալ Կուսակցության գործունեության առանցքային թիրախը:

Հասարակության կարևորագույն ու առավելապես խոցելի հատվածը աշխատավոր մարդն է: Համագումարը գտավ, որ ՍԴՀԿ պետք է շարունակի իր ուշադրության կենտրոնում պահել ու գործնական քայլեր կիրառել՝ աշխատավոր մարդու իրավունքները պաշտպանելու և եղած աղաղակող խախտումներին հանրային հնչեղություն ապահովելու համար:

Օրենքի լիակատար հավասարությունը երկրում անվտանգության գլխավոր երաշխիքն է: Ուստի համագումարը կարևոր է համարում համահայկական ջանքերի գործադրումը երկրում առկա արատավոր երևույթների արմատախիլ անելու հարցում:

Արտագաղթը Հնչակյան կուսակցությունը համարում է երկրի առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր: Այն վերածվել է ազգային աղետի, որը կասեցնելու համար անհրաժեշտ է գործնական քայլեր, աշխատատեղերի ապահովում և քաղաքացիների՝ ՀՀ-ում ապրելու արժանապատիվ պայմաններ:

Համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրը հայ ժողովրդի և կուսակցության համար մնում է առանցքային, սկզբունքային խնդիր: Կուսակցությունը կանգնած է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման կողքին և անվերապահ սատարում է Հայաստանի և Արցախի Զինված ուժերին: Խաղաղ ժամանակ հնչակյանը քաղաքացի է, պատերազմական դրության ժամանակ հայոց բանակի զինվոր:

Համագումարը գտնում է, որ երիտասարդությունը երկրի շարժիչ ուժն է, ուստի անհրաժեշտ է հստակ երիտասարդությանը նվիրված քաղաքական գծի ամրապնդում, ծրագրերի իրականացում:

Երկրի ընդերքը համաժողովրդական հարստությունն է, ուստի համագումարը ապագա վարչությանը հանձնարարում է ձևավորել ու կազմակերպել ընդերքի ճիշտ շահագործման հայեցակարգ:

Առաջիկա ներքին քաղաքական զարգացումների մասին ՍԴՀԿ Հայաստանի նորընտիր վարչությունը իր ժամանակին հանդես կգա հավելյալ հայտարարությամբ:

 

ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031