Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէր կարելի հեղինակազրկել Բաղմանյան Հայկազին, եթե սխալ էր արել՝ դատեիք, գնդակահարեիք». Գնդապետը՝ Վիգեն Սարգսյանին

Հունվար 29,2018 16:11

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը բանակում փոփոխություններ է անում: Այսօր «Հայելի» ակումբում մենք արցախյան եւ ապրիլյան պատերազմների մասնակից գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում այդ փոփոխությունները:

Նա պատասխանեց. «Շատ բացասական: Ես օրինակ բերեմ, որ հասկանալի լինի: Վիգեն Սարգսյանը նախ բարոյապես եւ մարդկայնորեն իրավունք չուներ ստանձնելու պաշտպանության  նախարարի պոստը, որովհետեւ չի կարելի: Երկրորդը՝ տեսեք Բաղմանյան Հայկազի չարչրկված թեման, երեկ էլ կարդում եմ, մեկն ասում է՝ տխրահռչակ Բաղմանյանը: Ուղղակի էդ ժուռնալիստին մի բան պատմեմ՝ 92-ի հունիսին ես մասնակցել եմ Դրնբոնի փառապանծ գործողություններին, որտեղ Սիսիանի տղաները կանգնեցրեցին հարձակվող թուրքին հենց Դրնբոն գյուղի մոտ, որից հետո անցան հակահարձակման Սիսիանի, Սեւանի, Ամարասի Արթուրի տղաների հետ միասին, ես Սարսանգի ջրամբարի մոտ պահում էի ,որովհետեւ թուրքերը կարող էին մտնել մեր թիկունք եւ ես այնտեղ տեսել եմ Բաղմանյան Հայկազին՝ որպես ուղղության սպա: Ես տեսել եմ Բաղմանյան Հայկազին՝ ավտոմատը ձեռքին, երբ ՄՀՕՋ-ի տղաները ընկան շրջափակման մեջ, Բաղմանյան Հայկազը, Մինասյան Աշոտի հետ միասին ավտոմատը ձեռքին կրծքով թշնամու կրակի տակ մարդկանց տանում էր հարձակման: Եվ երբ ինչ-որ մի գրագիր, որն ամբողջ կյանքում բանակի հետ կապ չի ունեցել, աթոռից աթոռ առաջ է գնացել, լուռ ու մունջ բացասական գնահատական է տալիս Բաղմանյան Հայկազին…»:

Դիտարկմանը, որ այսինքն, զենքը ձեռքին ցանկացած մարդ պիտի հետո իրեն չարաշահումներ թույլ տար ու ձայն չհանեի՞ն՝ գնդապետը հակադարձեց. «Ի՞նչ չարաշահում, Բաղմանյան Հայկազը ոչինչ այդպիսի չի արել: Բաղմանյան Հայկազին կարելի էր այդ չարաշահման համար քրեական գործ հարուցել, եթե արել էր, թող անեին…Հայկազ Բաղմանյանը զինվորի հետ ոչ մի առնչություն չի ունեցել, կորպուսի հրամանատար է եղել, եղել է գլխավոր շտաբի պետի տեղակալ ու իրեն հանում են՝ ասելով՝ պարտականությունները պատշաճ չկատարելու համար: Հասկանո՞ւմ եք, որակումն էր սխալ, ձեւակերպումն էր վիրավորական: Համապատասխան մեղադրանք ներկայացնողը այդպես չպետք է աներ փառապանծ գեներալին: Եթե սխալ էր կատարել՝ դատեիք, գնդակահարեիք: Չի կարելի հեղինակազրկել այդ աստիճան»:

Գնդապետ Հովհաննիսյանն ասաց, որ Վիգեն Սարգսյանի սխալներից մեկն էր դա, նա շատ ուրիշ սխալներ էլ ունի. «Հենց այն, որ պաշտպանության նախարարությունում ոչ պրոֆեսիոնալներ են…Ես բացեցի Սահմանադրությունը, կարդացի, ԶՈՒ-ն խաղաղ ժամանակ ղեկավարում է ՊՆ նախարարը: Չեմ ուզում ռազմական գաղտնիքներ բացել, բայց ամեն ինչ հաստատվում է նախարարի կողմից եւ նախարարության կողմից: Պիտի համապատասխան մարդիկ լինեն մասնագետներ, որ կարողանան հասկանալ: Իսկ մասնագետ կարող են լինել, եթե նրանք անցել են՝ զինվոր, դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատար կամ գոնե կուրսանտ եւ աճել են որոշակի աստիճան»:

Նա քննադատեց ՊՆ նախարարին՝ ասելով. «Այսօր Վիգեն Սարգսյանը մասսայաբար բանակից հեռացնում է բոլոր սպաներին, հատկապես՝ ազատամարտիկներից: Հենց այնպես է հեռացնում, ցանկանում են եւ անում են: Արդյունքում՝ մեր սպաների 80 տոկոսը երկրից հեռանում է, 20 տոկոսը կամ տաքսիստ է, կամ գիշերային պահակ: Երիտասարդ փոխգնդապետ՝ 50 տարեկան, 55 տարեկան գնդապետ, ովքեր ունեն մեծ ներուժ, կարող են պատերազմի դեպքում այս 5 մետր սահմանը պաշտպանել ու պաշտպանել փորձառու, հանում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031