«Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ արձագանքելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վերջերս զենքի հերթական խմբաքանակի մատակարարման մասին հարցին: Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանն օգտագործում է նաեւ այն հնարավորությունները, որոնք բխում են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններից. «Խոսքը Ռուսաստանից մատչելի գներով սպառազինության գնման մասին է»:
Նալբանդյանն ընդգծեց, որ պայմանագրային պարտավորությունների համաձայն՝ Ռուսաստանը պետք է ՀՀ զինված ուժերի հետ միասին երաշխավորի մեր երկրի անվտանգությունը. «Բացի այդ, Ռուսաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանում կայունության պահպանման առումով»:
ԱԳ նախարարը նշեց, որ տարածաշրջանում Ռուսաստանի դերը նշանակալի է նաեւ անվտանգության պահպանման տեսանկյունից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ