ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ նախագահի այն հայտարարությանը, որ 2018թ. գարունը Հայաստանը դիմավորելու է առանց հայ-թուրքական արձանագրությունների: «Մոտ տասը տարի առաջ, երբ ՀՀ-ն նախաձեռնեց այդ կարգավորման գործընթացը, Թուրքիան էր, որ հրաժարվեց իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները: Գնդակը Թուրքիայի դարպասում է այժմ: Եթե կողմերից մեկը պետք է անհանգստանա, ապա դա Հայաստանը չէ, այլ Թուրքիան»,-նկատեց արտգործնախարարը:
Նրա բնորոշմամբ՝ թուրքական կողմի պատճառով է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն, դիվանագիտական-հյուպատոսական հարաբերություններ չկան, որոնք ՀՀ-ին թույլ կտային պաշտպանել իր քաղաքացիների իրավունքներն այդ երկրում:
«Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳՆ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը, որպեսզի մեր քաղաքացիները պաշտպանված լինեն»,-վստահեցրեց Էդվարդ Նալբանդյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ