Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էթանք Բաքուն ոչնչացնենք, շփոթվենք՝ Թուրքմենիայով, Ուզբեկստանով էլ անցնենք, ընդեղ ներողությունով էլ հետ վերադառնանք». Վարդանով

Հունվար 29,2018 15:55

Երեկ Հայոց բանակի կազմավորման տոնն էր եւ այսօր «Հայելի» ակումբում լրագրողները գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանից հետաքրքրվեցին՝ ամեն օր բանակում զոհ ենք ունենում, ի՞նչ է դա նշանակում, նա պատասխանեց՝ «Դա նշանակում է, որ մեր բանակը գործում է, մեր դիմաց կանգնած է թշնամի, որը ցանկանում է իր նպատակներն իրագործել, դա նշանակում է, որ մենք մարտնչում ենք: Մեր ազգը զոհում է իր զավակներին՝ հանուն իր գոյության: Դա նշանակում է, որ մենք կարող ենք Ղարաբաղը տալ, պարփակվել մեր 29 հազար քմ-ի մեջ, կորցնել մեր ազգային ապագան, երազանքը, նպատակը եւ զոհեր չտալ»:

Վետերան-հետախույզ Վովա Վարդանովը հակադարձեց՝ «Ես համաձայն չեմ, եթե մենք Արցախը տանք, մենք Զանգեզուրն էլ ենք կորցնում, դառնում ենք Արարատյան հանրապետություն…»:

Գնդապետն արձագանքեց. «Եթե մենք չենք ուզում զոհ տալ՝ պիտի հանձնվենք, որպես ազգ ապագա չունենանք, ուստի ցավոտ մի ընդունեք, ազգը իր գոյության համար արյուն է պահանջում»:

Վարդանովն ասաց՝ «Ուզո՞ւմ եք արյուն չլինի, կարգին մարզեք ձեր երեխեքին, էթանք Բաքուն ոչնչացնենք, ռսի վրա հույս չդնենք, մի հատ էլ գրուպիրովկա մեր մեջքի հետեւը դնենք, որ հանկարծ թուրք օսմանը մեր մեջքներից չխփի, լավ վարժված բանակով էթանք Բաքուն ոչնչացնենք, շփոթվենք՝ Թուրքմենիայով, Ուզբեկստանով էլ անցնենք, ընդեղ ներողությունով էլ հետ վերադառնանք: Զոհեր կլինեն շատ, բայց 100 տարով պատերազմ ու զոհեր չի լինի, կամ 200-500 տարով՝ նայած ինչ հարված կհասցնես հակառակորդին՝ ուրիշ եղանակ չկա: Եթե դու պաշտպանական մարտերի մեջ ես մտել, ինչը ես համարում եմ սխալ,մենք հարձակողական գործողությունների պիտի անպայման անցնենք, որովհետեւ հակառակորդին դու ինչքան ծեծես, ինքը ջրի պես քո ժայռը տաշելու է, դու պիտի էթաս չորացնես իրա ակունքները, որ ինքը ջուր չունենա»:

Մեր հարցին՝ դրա ներուժը մենք ունե՞նք՝ Վարդանովը պատասխանեց. «Ո՞նց չունենք, լավագույն պոտենցիալը մարդն է, մարդուն մարզել է պետք»:

Նա դժգոհեց, որ այսօր իրենց կազմակերպությունում մարտունակությունը բարձրացնելու համար 40 մարդու են մարզում. «Քիչ չի՞ պատերազմող երկրի համար, 25 հոգի մարդ»: Մենք ճշտեցինք՝ այսինքն ի՞նչ եք առաջարկում, «գնանք Բաքվում չայ խմե՞նք»՝ Վարդանովը պատասխանեց, որ նախ զինվորներին պետք է զոռով մարզել. «Զինվորը ցանկացած տղամարդն է, Աստված տա՝ օրերից մի օր նաեւ կինը, որը հասուն է ու ինքը միշտ պիտի պատրաստ լինի»:

Գնդապետ Հովհաննիսյանը չհամաձայնեց՝ ասելով, որ ցանկացած ռազմական գործողություն սկսում է պաշտպանական ռեսուրսներից. «Այսօր մենք շրջապատված ենք 107 մլն թուրքական էթնոսով, ընդ որում, Թուրքիայի հանրապետություն, որն ունի 500-600 հազար զինված ուժ, Ադրբեջանի հանրապետություն, որի զինված ուժերը 2.3 անգամ մեծաթիվ են, քան մեր զինված ուժերը եւ մեր գերխնդիրը պետք է այսօր լինի ոչ թե ֆանտաստիկ՝ Բաքվում թեյ խմելու հարցը, այլ մեր սահմանների ամրապնդման եւ մեր պատերազմական դիմադրողական ուժի մեծացումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031