ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում անդրադարձավ ԼՂ հակամարտության հարցով կրակովյան հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունները, ասել է, թե՝ շփման գծում դիտորդների թիվը պետք է ավելանա: Նախարարը մեկնաբանեց պաշտոնական Բաքվի պնդումները, թե նման պայմանավորվածություն չի եղել: «Ադրբեջանը դեռ լռում է այդ համաձայնության մասին եւ յուրահատուկ «ստեղծագործ» մեկնաբանություն տալիս այդ հանդիպմանը: Նրա մեկնաբանությունները տարբերվում են իրականությունից»,-նկատեց Էդվարդ Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է դիտորդների թվի ավելացմանը, նրա խոսքով. «Հայաստանը միշտ կողմ է եղել դրան: Դա, իհարկե, կնպաստի լարվածությունը նվազեցնելուն եւ հրադադարի ռեժիմի պահպանմանը»:
ԱԳ նախարարը փաստեց, որ մինչ օրս դիտորդական առաքելության ընդլայնումը հնարավոր չի եղել Ադրբեջանի բազմաթիվ խոչընդոտների պատճառով. «Կրակովյան հանդիպմանը սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց՝ Կասպրշիկի թիմը յոթ հոգով ավելացնելու մասին»:
Նախարարը հիշեցրեց, որ առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան. «Տեսնենք՝ ի՞նչ զարգացումներ կլինեն: Հուսանք, որ պայմանավորվածությունը կիրագործվի, եւ Ադրբեջանը հետքայլ չի անի: Վստահության մեխանիզմների ներդրման հարցն էլ օրակարգում է, սակայն այս դեպքում եւս խոչընդոտն Ադրբեջանի մոտեցումն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ