Լրահոս
Օրվա լրահոսը

Իգնատի Առաքելյանը «Ծառուկյան» դաշինքին մեղադրեց. «Հայտարարելը հեշտ է»

Հունվար 29,2018 15:46

«Կառավարությունը վերցնելու է պարտավորություն, բայց այդ վնասների 50%-ը սուբսիդավորելու միջոցները որտեղի՞ց ենք բերելու: Հայտարարելը հեշտ է, բայց դա հետո մնում է կառավարության ուսերին: Ինչպե՞ս դա պետք է արվի»,- սա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի վերապահումն էր «Ծառուկյան» դաշինքի առաջարկած նախագծին:

«Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» նախագիծն այսօր պետք է քննարկվեր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Բայց հեղինակներից ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն առաջարկեց այն հետաձգել երկու ամսով: Նախագծով առաջարկվում է գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն տրամադրել` կորստի 50 տոկոսի չափով, բնական աղետների կամ համաճարակների ժամանակ:

Միքայել Մելքումյանն ասաց`խնդիր չեն տեսնում, որ կառավարության հետ խոսեն, քննարկեն, համատեղ նախագծով հանդես գան, միայն թե գյուղացիների հոգսը թեթեւանա:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասել էր, որ այս ամենը պատրաստվում են ներառել գյուղատնտեսության մասին օրենքում: Նախարարությունում ստեղծել են խումբ, որն աշխատում է օրենքի նախագծի վրա: Նախարարը դեմ չէ, որ գյուղատնտեսությունը հարյուր տոկոսով էլ սուբսիդավորեն, ավելին, կողմ է դրան, բայց աղբյուրներ է ուզում:

Միքայել Մելքումյանն ասում է` հունվարի մեկից բավական գումար է մտնում բյուջե`ուղղեք գյուղատնտեսությանը: ԱԺ փոխնախագահը նկատի ունի հարկերի ավելացումից առաջացած գումարները. «Մեկ բան պետք է ընդունենք` կա կարգավորելու, բարելավելու անհրաժեշտություն: Գյուղատնտեսության պետական աջակցությունը պետք է օրենքով կարգավորվի: Իսկ 50 տոկոսը մտածված գրվել է: Որտեղի՞ց գումար: Սեղմված գազ եք թանկացրել, գնաճ կա, այդ գումարները գնում են բյուջե, դրանց մի մասով գյուղատնտեսությանը աջակցեք, որպեսզի ունենանք կայուն տեսանելի աջակցության սխեմաներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031