Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վովա Վարդանովի, մինչեւ ապրիլ մեր բանակը բրեժնեւյան հանգստի մեջ է եղել՝ սիգարը ձեռքին. «Ուղղակի թամբալացել ենք»

Հունվար 29,2018 15:25

«Մեր բանակը մինչեւ 2016-ի ապրիլ դափնիներից սարքած, սենց մի հատ բազկաթոռին նստած հաճույք էր ստանում՝ սիգարը ձեռքին: Հաղթել է, ծեծել է շատ ավելի մեծ ժողովրդի, շատ ավելի մեծ հակառակորդի, այն ժամանակ, երբ մենք ոչ մի բան չունեինք, լավ զինված հակառակորդին ծեծել ենք, շատ քիչ էինք առաջ շարժվում: Ցանկացած օրգանիզմ պիտի դինամիկայով ապացուցի իր կենսունակ լինելը, ապրել՝ նշանակում է շարժվել, իսկ մեր բանակը բրեժնեւսկի զաստոյնի վիճակների մեջ էր»,- այսօր «Հայելի» ակումբում մեր բանակի մասին այսպիսի տեսակետ հայտնեց հատուկ նշանակության վետերանների կողմից ստեղծված «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը: Նա ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո, ցավոք, 102 զոհը ստիպեց, որ ոչ միայն բանակի ռազմական ղեկավարությունը, այլ նաեւ հասարակությունը մի քիչ ավելի շատ «ուղեղին զոռ տա» ու ինքնապաշտպանության նպատակից ելնելով՝ բանակին ավելի մեծ տեղ տալ:

Նա ասաց, որ հիմա դիրքերը 20-30 անգամ ավելի լավ են հագեցված լազերային սարքերով, տարբեր զինտեխնիկայով, ինչ առաջ: Բայց դա, ըստ նրա, բավարար չի. «Զինվորականն էլ պիտի զարգանա: Զորամաս մտնելուց անշարժ վիճակում պիտի տեսնես մենակ քնած զինվորին, այն էլ՝ ատբոյից մինչեւ պոդյոմ, մնացած բոլորը պիտի շարժվեն. «Հիմա, ցավոք, մեկ-մեկ հանգիստ են տալիս զինվորներին, սպաներին, ի՞նչ հանգիստ, բոլորս կհանգստանանք գերեզմանում: Բանակը միշտ պետք է լարված լինի, պիտի միշտ պարապելուց լինի կամ հակառակորդին ծեծելուց, ուրիշ ձեւ իրավունք չունի լինելու: Հիմա չգիտեմ ինչի ազդեցության տակ ազատ ժամանակները շատ են բանակում, պլանները մարդասիրական են: Զինվորը չպիտի մարդասիրական ոճով պարապի: Մենք ամիսներով, տարիներով 4-5 ժամ էինք քնում: Հասարակ զինվորը պետք է նորմալ մարտական պատրաստություն տեսնելու համար 24 ժամից 20-ը զբաղվի իր մարտականությունը բարձրացնելով»:

Նա Ֆինլանդիայի օրինակը բերեց, որտեղ զինվորները՝ անգամ ռեզերվի, ամբողջ օրը վարժանքներ են անում. «Մենք այդքան բանը չե՞նք կարում անենք, խելացի ինստրուկտորներ ունենք, խելացի հրամանատարներ ունենք, ուղղակի թամբալացել ենք: Եթե տեխնիկական հագեցվածությունից բացի, մի քիչ էլ մարդու վրա զոռ տանք, ստիպենք, որ ստորաբաժանումները, մարդը անընդհատ պարապեն, զորախաղեր, բան, հավատացեք, կվախենան մեզ հետ հարց բարձրացնել մեր հարեւանները չէ, նույնիսկ հեռավոր պետությունները: Մենակ տեխնիկան քիչ է, թուրքը ապացուցեց»:

Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը հակադարձեց, ըստ նրա, մենք մինչեւ ապրիլյան պատերազմը բրեժնեւյան քնի մեջ չենք եղել: Ապրիլյան պատերազմը թռիչքային զարգացման նոր փուլ էր մեր բանակի համար, պատերազմը ցույց տվեց մեր թերությունները. «Պատերազմն է հիմնական չափանիշը, որ գնահատում է պատրաստվածության աստիճանը: Մենք պարտվեցինք տեխնիկական ճակատում, հաղթեցինք զինվորի ոգով, բայց դա էլ է արդյունք: Ապրիլյան պատերազմը մեր բանակի, մեր մարտիկի հզորության ցուցադրումն էր: Մեր զինվորները 20-ը 50-ի հարաբերությամբ հաղթել են, որեւէ դիրք տալը ռազմական գործողությունների ժամանակ ցավալի, բայց էական չէ: Երբ հազարներով հարձակվում են եւ 100 զոհով պահվում է ռազմական առավելությունը, դա արդեն հաղթանակ է: Եկեք դա որակենք հաղթանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031