ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ այսօր տեղին չեն հարցադրումները՝ Արցախյան հակամարտությունը փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակով է լուծվելու: «Եռանախագահողները բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը պետք է լուծվի ամբողջական փաթեթի վրա, որը ներկայացվել է կողմերին: Փաթեթային մոտեցումը առաջարկել են հենց եռանախագահները: Իսկ փաթեթային հանգուցալուծումը ենթադրում է դրա փուլային կիրառում»,-այսօր տարեկան ասուլիսում հայտարարեց նա:
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարություններից մեկին, թե ժամանակն է, որպեսզի հայկական կողմն անցնի «տրամաբանական» բանակցությունների: «Բաքվի հայտարարությունների մեջ ոչ միշտ է պետք տրամաբանություն փնտրել, եթե անգամ նրանք «տրամաբանություն» բառն են օգտագործում: Ի՞նչ տրամաբանության մասին է խոսքը, երբ իրենք համաձայնության են գալիս եւ հետո հետ կանգնում դրանից, մասնավորապես՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, երբ հրաժարվում են եռանախագահողների առաջարկներից, երբ պայմանավորվում են նվազեցնել լարվածությունը սահմանին, բայց հետո սրում իրավիճակը»,-նկատեց Էդվարդ Նալբանդյանը:
Ապա նա համոզմունք հայտնեց. «Ադրբեջանում չեն զգում, որ իրենց համար վարկաբեկիչ է այն փաստը, որ տարիներ շարունակ մասնակցել են այդքան հանդիպումներին եւ դրանք «անտրամաբանական» են անվանում: Եթե անտրամաբանական էին, ինչո՞ւ էին գալիս այդ հանդիպումներին եւ հարցը քննարկում: Գուցե իրենց «տրամաբանությունը» յուրահատուկ է, բայց այն չի համապատասխանում միջազգային հանրության, ՀՀ-ի եւ Արցախի տրամաբանությանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ