Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք ուզում, որ անմեղ տեղը ինչ-որ մեկը դատվի». Փառանձեմ Մեյթիխանյան

Հունվար 29,2018 15:06

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատավարությունը:

Դեռ նախորդ նիստերին ամբաստանյալների շահերի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել տուժող Էմմա Աբրահամյանի նախաքննական ցուցմունքները վերջինի ներկայությամբ հրապարակելու մասին: Պաշտպանները ցանկանում էին ցուցմունքների հրապարակումից հետո հարցեր ուղղել տուժողին: Պաշտպանական կողմի այս միջնորդությունը դեռ նախորդ նիստերից էին մեղադրող դատախազն ու տուժողի ներկայացուցիչը համարում ոչ հիմնավոր:

Այսօր մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը կրկին պնդեց իր ավելի վաղ ներկայացրած դիրքորոշումը, որ պաշտպանական կողմի հիմնավորումը, թե տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում հակասություններ կան, անհիմն են:

«Իմ հակափաստարկները վերաբերում են բացառապես պարոն Պողոսյանի արած միջնորդությանը, նրա կողմից մատնանշված հակասություններն էական չեն, ամեն դեպքում, թող տպավորություն չստեղծվի, որ մեղադրողը կաշկանդված է տուժողի նախաքննական ցուցմունքով»,- ասաց դատախազը:

Սպանվածի կինն էլ՝ Փառանձեմ Մեյթիխանյանը հայտարարեց, որ իրենք նախանձախնդիր են, որ անմեղ տեղը ոչ ոք չդատվի. «Մեր ընտանիքը չար տրամադրվածություն չունի, եթե այս ընթացքում չար դիրքորոշում, վիրավորական արտահայտություններ եղել են, միայն ամբաստանյալների ընտանիքների կողմից են եղել: Մենք չենք ուզում, որ անմեղ տեղը ինչ-որ մեկը դատվի»:

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը:

Հիշեցնենք, որ Արտաշես Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից: Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Ա. Չիտչյանը նույն խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031