Հոբելյանական միջոցառումներ, նոր ստեղծվող թանգարաններ, «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» և այլն: Օրվա թռուցկաժողովի հիմնական օրակարգում նախորդ շաբաթվա հանձնարարականների կատարման ընթացքն էր:
Մայրաքաղաքի մշակութային «ծանրաբեռնվածությունն» այս տարի կտեղափոխվի դեպի Գորիս, իսկ Գորիսից՝ դեպի Ստեփանակերտ և Շուշի: Նախարար Ամիրյանի պահանջն է:
«Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում որքան Գորիսն ենք «ակտիվացնելու», գրեթե նույնքան էլ փորձելու ենք ակտիվացնել Արցախի մշակութային կյանքը»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Թռուցկաժողովում անդրադարձ եղավ նաև ցավոտ մի խնդրի՝ ինչու՞ 2017-ին չունենանք պետական մրցանակ թատրոնի ոլորտում: Նախարարի համոզմամբ, մոտեցումներն այս ոլորտում վերանայելու կարիք ունեն:
«Թատրոնը պետք է աշխատի ավելի ակտիվ ծանրաբեռնվածությամբ, և ստեղծի ներկայացումներ, որոնք կհետաքրքրեն հանդիսատեսին: Թատրոնը պետք է գումար աշխատի ոչ թե վարձակալությամբ, այլ բարձրարժեք բեմադրություններ ստեղծելով և թատերական արվեստը հանրահռչակելով: Նույնը վերաբերում է նաև համերգային կոլեկտիվներին»,-ասաց նախարարը:
Արմեն Ամիրյանի պահանջն է՝ թատրոնների կյանքն աշխուժացնելու նպատակով առավելագույնս օգտագործել երիտասարդ, հետաքրքիր ռեժիսորների ներուժը:
«Նրանց պետք է «հայտնաբերել» և պատվերներ տալ: Հրաշալի օրինակ էր Լիլի Էլբակյանի բեմադրությունը՝ «Սառցե սիրտը», որը հրաշալի «իրարանցում» ստեղծեց Մայր թատրոնում»,-ասաց նախարարը:
Թատրոնի աշխուժացման-զարգացման նախապայմաններից մեկը թատերական քննադատության ակտիվությունն է, որի համար պետությունը պարզապես պարտավոր է հարթակ ստեղծել: Ապահովել այն պահելու ֆինանսական միջոցները՝ որպես թատրոնի պրոֆեսիոնալիզմի սպասարկման անհարաժեշտություն: Ինչպես օրինակ՝ մշակութային մյուս պարտադիր-աշխատավարձային ծախսերն են: Հանուն հազար դրամով կմճթված հոնորարային ծիծաղելի գրոշների ոչ ոք չի լծվի թատերական կյանքի մասնագիտական դիմանկարի ներկայացման աշխատատար գործընթացին: Իրենց մշակութային պատկերացումներով գավառամտության ու քաղքենության արանքում ընկած նոմենկլատուրային ուղիում գտնվողներն ի վերջո պետք գիտակցեն, որ առանց ԹԱՏԵՐԱԳԻՏՈւԹՅԱՆ արհեստվարժ թատրոնի գոյությունն ակնկալելը լավագույն դեպքում՝ մանկամտություն է:
Թեպետ, եթե գիտակցեին առայսօր թատերագետը ստիպված չէր լինի վերը հիշատակված մանկական ներկայացման դիտման համար տևականորեն բանակցել թատերաց մենաշնորհի ախտանշանների կասկածներ հարուցողների հետ….