Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՁՕ-ներին դեմ կամ կողմ քվեարկողները հենց ԳՁՕ սնունդ ու սերմեր ներկրող պատգամավորներն են (Տեսանյութ)

Հունվար 29,2018 14:45

Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները (ԳՁՕ) ճնշում են իմունիտետը, առաջացնում ալերգիաներ, սերնդեսերունդ անցնելով էլ` առաջացնում գենային այնպիսի փոփոխություններ, որոնք մարդու առողջությանը լուրջ վնասներ են հասցնում: Այսօր «Հենարան» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց «Հանուն կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը` պատասխանելով այն պնդումներին, թե ԳՁՕ պարունակող սնունդը օրգանիզմում նորմալ մարսվում է եւ ապացուցված չէ դրա վտանգավորությունը:

Մանրամասները` տեսանյութում

Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների վերաբերյալ օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել Ազգային ժողովից եւ նոր մշակված տարբերակը կրկին կուղարկվի ԱԺ: Ըստ Կարինե Դանիելյանի, տարիներով այս օրինագիծը քնեցվել է, քանի որ օրենքին դեմ պատգամավորները նույն ներկրողներն են, որոնք գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներով սնունդ ու սերմեր են ներկրում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ` հունվարի 26-ին Ազգային ժողովում այս թեմայով լսումներ էին կազմակերպվել, որի ընթացքում նույնպես ընդդիմադիր կարծիքներ հնչեցին:
Aravot.am-ի հարցրեց, թե այս անգամ ինչ երաշխիք կա, որ ԳՁՕ-ների մասին օրինագիծը ԱԺ-ն կհաստատի, հաշվի առնելով, որ նույն ներկրողները շարունակում են մնալ պատգամավորներ եւ օրենքին դեմ կամ կողմ քվեարկողները հենց նրանք են: Կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Սադոյանը, որը նույնպես ասուլիսի մասնակից էր, ի պատասխան ասաց. «Կարծես բոլորը գիտակցում են հարցի լրջությունը եւ վտանգը: Բոլորը պատրաստ են ընդունելու մի օրենք, որն, իսկապես, կկանոնակարգի այդ դաշտը»:

Ըստ տիկին Սադոյանի, գենետիկորեն ձեւափոխված սերմերի ու օրգանիզմների ազդեցությունը ոչ միայն մարդու առողջության, այլ նաեւ գյուղատնտեսական հողերի վրա է բացասական հետեւանքներ թողնում:

Կարինե Դանիելյանի խոսքով, լսումների ժամանակ նախարարությունների ներկայացուցիչները ճիշտ է վտանգները նշում էին, բայց շատ չեզոք էին խոսում. «Հատկապես ինձ զարմացնում է առողջապահության նախարարության դիրքորոշումը: Հենց նրանք պետք է լինեն նախաձեռնողը, իսկ ստացվում է, որ անընդհատ հ/կ-ները, գիտնականները հարցը բարձրացնում են, իսկ առողջապահության նախարարությունը կարծես հեռվից հետեւում է»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031