Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. ՌԴ-ն եւ Ֆրանսիան մեծ նշանակություն ունեն ՀՀ իշխանության ձեւավորման հարցում (Տեսանյութ)

Հունվար 29,2018 14:25

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի բացառում, որ նախագահ Սերժ Սարգսյանի`անցած շաբաթ Ֆրանսիա կատարած այցը նպատակ ուներ հստակեցնելու հարցը`ո՞վ է ապրիլի 9-ից հետո լինելու Հայաստանի վարչապետը: «Հայացք» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան մեծ նշանակություն ունեն ՀՀ իշխանությունների ձեւավորման գործընթացի վրա:
«Գաղտնիք չէ, որ դա քննարկվում է Ռուսաստանի կողմից. ռուս որոշ պատգամավորներ ու քաղաքագետներ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ապագա վարչապետի անձի վերաբերյալ: Ամեն դեպքում, դեռեւս ոչ բոլոր հարցերն են հստակեցված, հատկապես ԵՄ երկրների մասով: Մասնավորապես, թե ապրիլին ո՞վ կլինի ՀՀ հաջորդ վարչապետը»: Միաժամանակ, քաղտեխնոլոգը նկատում է`«հստակեցված չէ»-ն դեռեւս չի նշանակում, որ Արեւմուտքը մերժում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Շրջանառվող տեսակետին ի պատասխան, թե Սերժ Սարգսյանն իր վարչապետությունն ապահովագրել է`անցած տարվա նոյեմբեր ամսին ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրելով, Արմեն Բադալյանն օրինակ է բերում Լիբիայի նախագահ Մուհամեդ Քադաֆին. «Գիտե՞ք որքան պայմանագրեր էր ստորագրել ԵՄ-ի հետ, նույնիսկ ֆրանսիական նախագահներից մեկի քարոզարշավն էր ֆինանսավորել, դա իրեն փրկե՞ց»:

Քաղտեխնոլոգը մի նկատառում էլ ունի`
եթե Սերժ Սարգսյանը հիմա հայտարարի, որ դառնալու է վարչապետ, մինչեւ ապրիլ, էլ ոչ ոք Կարեն Կարապետյանի հանձնարարությունները չի կատարի:

Իշխանության ձեւավորման հարցում, ըստ նրա, գործոն չեն ոչ խորհրդարանական երկրորդ ուժ «Ծառուկյան» դաշինքը, ոչ էլ ընդդիմությունը: Բայց ինքը կարծում է, որ իր նշանակումներով`վարչապետ, ԱԺ նախագահ, նախագահ, Սերժ Սարգսյանը ցանկանում էր եւ ձեւավորեց մի միջավայր, որ ապագա իշխանությունում վարչապետին մրցակիցներ չլինեն: Նա կարծում է, որ այս երեք ֆիգուրն էլ ոչ քաղաքական են: Իսկ խորհրդարանի մակարդակն, Արա Բաբլոյանին նախագահ նշանակելով, ասում է իջեցվեց «ժեկ»-ի մակարդակի:

Այլ մանրամասները`տեսանյութում

Արմեն Բադալյանը խոսեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Դավոս կատարած այցից: Վարչապետի պաշտոնում սա Կարեն Կարապետյանի առաջին այցն էր միջազգային տնտեսական այդ ֆորումին: Անցած տարի նա չգնաց Դավոս`առանց պատճառաբանությունների եւ մեկնաբանությունների: Քաղտեխնոլոգն ասում է`այցն ընդամենը PR նշանակություն ունեցավ, որովհետեւ «տնային աշխատանքը դեռեւս» արված չէր. «Սա փաստեց ԱՄՆ դեսպանատան կողմից հրապարակված ՀՀ ներդրումային եւ տնտեսական պատկերի վերաբերյալ զեկուցագիրը: Զեկուցագրում նշված էր, որ դատաիրավական համակարգն արդար չէ, ներդրումների համար ցանկալի միջավայր չկա, Հայաստանում օլիգոպոլ տնտեսություն է եւ այլն: Այսինքն, վարչապետի այցը Դավոս եւ այնտեղ տրված բոլոր տեսակի խոստումները «ջրվեցին»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031