Ստորև բերված լուսանկարներն արվել են արբանյակի միջոցով և տեղադրված են Google Earth ծրագրում, որը թույլ է տալիս տեսնել 2000 թվականից ի վեր կոնկրետ տարածքում տեղի ունեցած լանդշաֆտային փոփոխությունները, ինչպես նաև շենքերի կառուցումը կամ հների ապամոնտաժումը: Եվ ահա ստորև բերված լուսանկարներից հստակ երևում է, որ Շենգավիթ բժշկական կենտրոնի բակում գտնվող մոտ 3000-4000 մետր կանաչ տարածքը կարճ ժամանակում վերածվել է ավտոկայանատեղիի, մինչդեռ այդ գոտում կային ծառեր, թփեր, նույնիսկ` լողավազան, որը ժամանակին գրավում էր հարակից շենքերի երեխաներին: Մի քանի մետր դեպի հարավ գտնվող հատվածում էլ` ավելի փոքր գոտում հայտնվել է կաթսայատուն` կրկին կանաչ գոտու փոխարեն:
Ավելին, սույն կենտրոնի ղեկավարությունը, կառուցելով նոր մասնաշենք, ամեն ինչ անում է, որ ցանկապատ տեղադրի Մանանդյան 9 շենքի հետնամասում` բնակիչների ուղիղ պատուհանների առաջ` շատ փոքր հեռավորության վրա: Նորմերով պատ տեղադրելու դեպքում այդ պատի գոյություն անիմաստ կլինի: Չնայած բնակիչների բազմաթիվ բողոքներին, այդ կենտրոնի ղեկավարությունը շարունակում է «համոզել» նրանց: Ավելին, անցած տարվա նոյեմբերի կեսին այդտեղ առանց թույլտվության սկսվել էին պատի կառուցման աշխատանքներ, որոնք կանխվել են իմ կողմից (լուսանկարները կցվում են):
Սույն լուսանկարների հետքերով պետք է պարզեմ, թե որ մարմինն է թույլ տվել ավերել մի ամբողջ կանաչ գոտի և կառուցել ավտոկայանատեղի և կաթսայատուն:
Արայիկ Հարությունյան
Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ
ԵԼՔ խմբակցություն