Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Դուք եք այսուհետ հայ աղջիկների երազած կերպարները, դուք եք հակառակորդի ահն ու սարսափը, դուք եք ձեր ապագա հրամանատարների հպարտությունն ու հենարանը»

Հունվար 29,2018 14:04

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Բանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,

Արցախի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,

Սրբազան հայրեր,

Հայաստանում հավատարմագրված հարգարժա՛ն դեսպաններ և ռազմական կցորդներ,

Հարգելի՛ գեներալներ, սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, ենթասպաներ, կուրսանտներ, շարքայիններ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 26 տարեկան է: Մենք հպարտությամբ և երախտագիտությամբ ենք նշում այս տոնը. երախտագիտությամբ՝ բոլոր այն անհատների, պետական և զինվորական գործիչների հանդեպ, ովքեր կանգնած են եղել ազգային բանակի ձևավորման ակունքներում, բոլոր այն գեներալների, սպաների և զինվորների, կամավորականների ու աշխարհազորայինների հանդեպ, ովքեր իրենց սխրանքով են կռել Հայոց բանակի համբավը և ապահովել հայոց երկու պետությունների անվտանգությունը, բոլոր այն քաղաքացիների հանդեպ, ում վստահությունը, մասնակցությունն ու աջակցությունը հնարավորություն են տվել և պարտավորեցրել կայացնելու հաղթական բանակ, որն ունակ է ապահովելու երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը:

Մեր 26-ամյա զինված ուժերը անհամեմատ ավելի երկար պատմություն, ավանդույթներ և մարտական ուղի ունեցող Հայոց բանակի հետևորդն է: Հայկական լայնալիճ աղեղնավորներից մինչև Արտաշեսյանների ծանրազեն հեծելազոր, Արշակունիների հետևակ-նետաձիգներից մինչև Կիլիկյան Հայաստանի ասպետական բանակ, լեռնական-աշխարհազորայիններից մինչև հայկական բանակի հատուկջոկատայիններ. սրանք հայոց ռազմական փառքի ուղենիշներն են և մեր ժողովրդի ուրույն ներդրումը ռազմարվեստի համաշխարհային պատմության մեջ:

Ինչպես երկար մարտական ուղի անցած յուրաքանչյուր զորքի պարագայում, մեր բանակի պատմության մեջ էլ եղել են հաղթանակներ և պարտություններ, նվաճումների փառք և կորուստների դառնություն, հավատարմություն և դավաճանություն, հերոսներ և դասալիքներ, եղել են համախմբվածություն և ներքին պառակտում: Հայտնի է, թե այդ դեպքերից որոնցում ենք վերելք ապրել, որոնցում` հետնահանջ:

Անհատին, հասարակությանը և ժողովրդին թուլացնելու, հնազանդեցնելու, պարտության մատնելու ամենակարճ ուղին միշտ եղել է սեփական ուժերի նկատմամբ անվստահություն, կասկածանք սերմանելը և իր գաղափարական հենքից, արմատներից, ինքնության ճանաչումից և գիտակցումից կտրելը:

Մեզ երկար ժամանակ ներշնչել են, որ տառապյալների, հայրենազրկվածների, կոտորածներից մազապուրծ եղածների ժառանգներ ենք՝ մոռացության տալով մեր փառավոր հաղթանակների պատմությունը:

Մեզ փորձել են պոկել հազարամյակների այն արմատներից, որոնք կենսական են սեփական հողում ամուր կանգնելու և ժամանակների հոսանքներին դիմակայելու համար:

Այնինչ մեր նորագույն պատմությունն այլ բան է հուշում: 1918-ից ի վեր մենք ապրել ենք հաղթանակների դարաշրջան: Այդ հաղթանակներն են հնարավորություն տվել մեզ վերագտնելու մեր ինքնությունը, վերադարձնելու աշխարհով սփռված մեր ժառանգության մի զգալի մասը՝ առաջին հերթին ի դեմս հայրենադարձած մեր քույրերի և եղբայրների, որ հնարավոր դարձրին մերօրյա Հայաստանում համադրելու մեր հայրենիքի արևելյան և արևմտյան հատվածների ավանդույթները, հիշողությունները, համն ու հոտը:

Այդ հաղթանակների շնորհիվ հնարավոր եղավ պահպանել մեր հոգևոր արժեքները, Մայր Աթոռը, ունենալ Երևանի պետական համալսարան, Մատենադարան, Գիտությունների ազգային ակադեմիա: Դրանց շնորհիվ վեր խոյացան հայրենի գիտությունն ու արդյունաբերությունը, նորովի վերածնվեց միջնադարյան հայկական ճարտարապետությունը, ծաղկում ապրեցին մեր դպրությունը, մշակույթը, արվեստները և սպորտը:

Վերջին 100 տարվա համաշխարհային առաջընթացում չեղավ որևէ ոլորտ, որտեղ մեր ժողովրդի զավակները չունենային իրենց նշանակալի ներկայացվածությունն ու ներդրումը: Եվ դա մեր հաղթանակների արդյունքն էր:

Սարդարապատից և Մեծ Հայրենական պատերազմից մինչև Արցախյան հերոսամարտ մենք բազում առիթներ ենք ունեցել հպարտանալու մեր բանակի հզորությամբ, մեր պապերի, հայրերի և եղբայրների սխրանքով, մեր ժողովրդի համախմբվածությամբ և միասնականությամբ, մեր հերոսներով` ամենահայտնի մարշալներից մինչև անհայտ զինվոր:

Փա՛ռք մեր հերոսներին, փա՛ռք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ:

Հարգենք Հայոց բանակի բոլոր ժամանակների հերոսների հիշատակը հոտնկայս ծափահարություններով:

 

Հարգելի՛ ներկաներ,

Մեկ դար առաջ, Հայոց ցեղասպանության` Մեծ եղեռնի մղձավանջի թարմ և արնահոսող վերքերի մեջ դժվար էր հաղթանակ նշմարել: Դժվար էր պատկերացնել, որ հայրենազրկված ժողովրդի մի հատվածը կարողանալու է համախմբվել և տեր կանգնել իր արժեքներին, իր սկզբունքներին, իր ճակատագրին: Այնինչ դա ինքնությունը պահպանելու միակ ուղին էր, և մեր դարավոր իմաստությունը հուշեց մեր պապերին, որ դա է ժամանակի պահանջը` միասնություն, որ ծնելու էր Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա: Հաղթանակներ, որ դարերի դադարից հետո ազդարարելու էին անկախ պետականության հռչակումը:

Ընդամենը երկու տասնամյակ անց մեր ժողովուրդն առերեսվեց մի նոր հրեշավոր մարտահրավերի. ֆաշիզմը սպառնում էր գլխիվայր շրջել մարդկության բնականոն ընթացքը:

Հազիվ իր ազգային գենոֆոնդը վերականգնող՝ Խորհրդային Միության ամենափոքրաթիվ հանրապետություններից մեկը իր բնակչության թվին անհամաչափ զինվորականներ ուղարկեց Մեծ հայրենականի ռազմաճակատներ:

Ռազմաճակատ մեկնեցին հայ ժողովրդի 600 հազար զավակներ, որոնց կեսը տուն չվերադարձավ։ Ավելի քան 100 հազար սփյուռքահայ անդամագրվեց Դիմադրության շարժմանը, մարտնչեց դաշնակիցների զորքերում։

1941 թվականի դժնդակ հունիսին Թբիլիսիից ռազմաճակատ մեկնեց դպրոցը նոր-նոր ավարտած մի հայ աղջնակ։ Նրան վիճակվեց մասնակցել Ստալինգրադի ճակատամարտին, Մալայա զեմլյայի և այլ մարտերի, Ուկրաինայի ու Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Պատերազմից հետո ստացավ կրթություն, ընտանիք կազմեց, անցավ մեծ ճանապարհ։

Պատերազմի ու աշխատանքի վետերան, վաստակավոր ու վաստակաշատ մանկավարժ 95-ամյա Ռոզալիա Աբգարյանն այսօր դահլիճում է:

Տիկի՛ն Ռոզալիա, խոնարհվում ենք Ձեր սխրանքի առջև: Փա՛ռք Հայոց բանակի բոլոր ժամանակների վետերաններին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այս դահլիճում ներկա են մարդիկ, ովքեր 30 տարի առաջ, երբ սկիզբ առավ Ղարաբաղյան շարժման մերօրյա` հաղթական փուլը, ոչ թե պարզապես ականատեսն էին պայքարի մեկնարկի, այլ կանգնած էին դրա ակունքներում: Սակայն նույնիսկ նրանցից քչերը կարող էին այն ժամանակ ենթադրել, որ տարիներ անց ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված առաջին սպայական աստղերը կդառնան գեներալական ուսադիրներ, որ թեժ մարտադաշտերը կվերածվեն ամուր առաջնագծերի, իսկ ռմբակոծվող Ստեփանակերտի փողոցները` պուրակների և նորակառույց թաղամասերի:

Այսօր աշխարհում յուրաքանչյուր հայ ոգեշնչվում է Արցախի գրանցած արդյունքներից, նվաճումներից և առաջընթացից: Արցախում հնչող յուրաքանչյուր նորածին մանկան ճիչ, յուրաքանչյուր ձևավորվող ընտանիք, նորակառույց տուն դիտվում է որպես համազգային ձեռքբերում:

Փա´ռք Արցախի հերոս ժողովրդին:

 

30 տարի առաջ մենք՝ որպես հասարակություն, չէինք պատկերացնում, որ առերեսվելու ենք լայնամասշտաբ, երկարատև պատերազմի, և որ դրա արդյունքում բանակը դառնալու է մեր վերագտած անկախ պետականության առանցքն ու ողնաշարը:

Սակայն անքննելի են Աստծո գործերը: Ո՞վ գիտի, թե ինչպիսի երկիր կունենայինք այսօր, և կլինեի՞նք արդյոք ընդհանրապես, եթե անկախության առաջին իսկ օրվանից պարտադրված չլինեինք ամենօրյա ջանասիրությամբ զբաղվելու ամենակարևոր գործով՝ մեր անկախ երկրի անվտանգության ապահովմամբ: >10>

Եվ այսօր՝ անկախության հռչակումից 26 տարի անց, նույն ջանասիրությամբ պետք է շարունակենք ամենօրյա այդ աշխատանքը: Կանցնեն տասնամյակներ, լուծված կլինի մեր անվտանգության այսօրվա կարևորագույն խնդիրը, բայց մեր ինքնությունը, ինքնիշխանությունը և ազատ զարգանալու հնարավորությունը պահպանելու համար այդ ժամանակ ևս պարտավոր ենք լինելու աչքի լույսի պես պահպանել մեր բանակը, մեր զինված ուժերը: Հենց դա ենք հաշվի առել առաջիկա տարիների զարգացման ծրագրերը մշակելիս:

Անցնող տարին նշանավորվեց առաջնագծի` ժամանակակից միջոցներով հագեցմամբ և անվտանգության ապահովման պայմանների բարելավմամբ, զինված ուժերը արդի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրմամբ, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի հաստատմամբ:

Հայոց բանակը, այս տարի փայլուն դրսևորեց իրեն` հյուրընկալելով ՀԱՊԿ խոշորագույն զորավարժությունը, մասնակցելով երկկողմ և բազմակողմ վարժանքների դաշնակից և գործընկեր երկրներում:

Հայ զինվորը շարունակեց բարձր պահել մեր երկրի դրոշը Կոսովոյում և Աֆղանստանում, Լիբանանում և Մալիում՝ մասնակցելով միջազգային խաղաղապահ առաքելությունների:

Ընդունվեցին «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» կարևորագույն օրենքները, մշակվեց ու առաջիկա օրերին Հանրապետության Նախագահի հաստատմանը կներկայացվի զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիրը:

Առջևում այս բոլոր ծրագրերի իրագործման դժվարին և պատվաբեր աշխատանքն է:

Հարգելի՛ ներկաներ,

Այսօր Հանրապետության Նախագահը պետական պարգևներ, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհեց իրենց ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների: Յուրաքանչյուր այդպիսի պարգևատրման հետևում մի սխրանքի պատմություն կա:

Անցած տարվա փետրվարի 25-ին, պաշտպանության բանակի մի հատվածում նկատելով դավադրաբար առաջ շարժվող հակառակորդի ուժերը, ժամկետային զինծառայողներ Սամվել Խաչատրյանը, Վահե Մարտիրոսյանը, Կարապետ Կարապետյանը և Աշոտ Մազմանյանը, լեյտենանտ Արմեն Գրիգորյանի հետ գործեցին արագ և վստահ: Հակառակորդը հետ շպրտվեց տանելով մարդկային զգալի կորուստներ: Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արմենը, Սամվելը, Կարապետն ու Աշոտը պարգևատրվեցին «Արիության», իսկ Վահեն՝ «Մարտական ծառայության» մեդալով: Տղաներն այժմ դահլիճում են:

Շնորհակա՛լ ենք, տղե՛րք:

Օրեր առաջ դասակի հրամանատարը վիրավորվել էր` օգնության նետվելով հակառակորդի կրակի տակ հայտնված զինվորին: Անհնարին է չհիշել, որ ամիսներ առաջ նույն կերպ վիրավորվել էր հրամանատարին օգնության հասած ժամկետային զինծառայողը: Հրամանատար-զինվոր այսպիսի կապն է ամբողջացնում մեր այսօրվա բանակի կերպարը:

Հարգելի՛ ներկաներ,

Շուշիից 17-ամյա Արսեն Շումանյանը մանկուց երազել է զինվորական դառնալ: Դա օրինաչափ է, քանի որ նա «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, հակառակորդի ահ ու սարսափ Լավրենտի Շումանյանի զավակն է: Ավանդույթները և ընտանեկան դաստիարակությունը, իրոք, մեծ դեր են խաղում մասնագիտության ընտրության մեջ: Բայց վերջնարդյունքին հասնելու համար ոչ պակաս կարևոր է որակյալ կրթությունը:

Պաշտպանության նախարարությունն Արսենին և հազարավոր պատանիների մրցութային կարգով հնարավորություն է տալիս իրականացնելու երազանքը` անվճար ուսում ստանալ տարածաշրջանի լավագույն կրթահամալիրում` Արսենի հոր մարտական ընկերոջ, Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը կրող ռազմամարզական վարժարանում: Արսե՛ն, վստահ եմ, որ դու նույնքան հպարտ ես՝ մոնթեականի պատվաբեր ուսադիրները կրելով, որքան մենք ենք ոգևորված քո փայլուն առաջադիմությամբ, աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ:

Իզմիրլյան ընտանիքի խոշոր նվիրաբերությամբ արդեն այս տարի կմեկնարկի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցումը: Ոչ հեռավոր ապագայում մեր շարքերը համալրվելու են քաղաքացիական բուհերում սովորող և «Պատիվ ունեմ» ծրագիրն ընտրած երիտասարդ սպաներով, և մեր բանակը ստանալու է նոր լիցք` բարձրացնելով իր մարտունակությունը:

Ու թեև զինվորական մասնագիտությունը համարվում է տղամարդու գործ, հայ աղջիկները ևս տեսնում են այդ ոլորտում իրենց դրսևորելու հնարավորություն:

Նաիրա Արշակյանը` Շիրակի մարզից, ռազմական համալսարանի լավագույն կուրսանտներից է, արդեն ունի երեք պարաշյուտային թռիչք: Նա մասնագիտությունն ընտրել է՝ հետևելով եղբոր` մարտկոցի հրամանատար, կապիտան Վազգեն Արշակյանի օրինակին, որոշել է դառնալ եղբոր մարտական ընկերը, ընտրել է շատ բարդ մասնագիտացում, և վստահ եմ՝ հաջողության է հասնելու: Նաիրա´, Դուք և մեր մայրերը, կանայք, քույրերն ու աղջիկները գիտեք, որ հայ տղամարդը երբեք չի վարանի պաշտպանել հայրենիքը հակառակորդի ոտնձգությունից:

Բայց ուզում եմ, որ նույնչափ վստահ լինեք, որ եթե ընտրել եք զինվորականի մասնագիտությունը, մենք երաշխավորելու ենք հավասար իրավունքներ և հնարավորություններ կին-զինծառայողների համար:

Առհասարակ, մենք շարունակելու ենք անել ամեն ինչ` բանակի հետ հետադարձ կապն ուժեղացնելու, զինվորի և իր ընտանիքի շփումը հեշտացնելու, բանակում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ապահովելու համար: Բանակի թեժ գիծը, «Դիտակետ» հարցումների ծրագիրը, բաց շփումը մամուլի և քաղաքացիական հասարակության հետ օգնելու են մեզ հասնել այդ նպատակին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր հասարակության կողմից զգայնությամբ ընկալվող երևույթներից է զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ զինծառայողների խնդիրներին տրվող լուծումների որակը:

Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Ընդամենը մեկ տարի է, ինչ գործում է 1000plus.am կայքը, և մեր բազմաթիվ հայրենակիցներ, համոզվելով հիմնադրամի կենսական անհրաժեշտության և թափանցիկության հարցում, օգնության ձեռք մեկնեցին:

Ուզում եմ հիշատակել առաջին կամավոր նվիրատուներին. 90-ամյա կիպրահայ Հարություն Անմահունին նվիրաբերեց իր խնայած 10.000 ԱՄՆ դոլարը, ֆրանսահայ Ռայմոն Եզեկուլյանը մինչ օրս կատարված ամենախոշոր նվիրաբերությունն է փոխանցել հիմնադրամին, ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի վերջին ցանկությամբ հարազատները խնդրեցին հիմնադրամին փոխանցել նրա շիրիմին բերվելիք ծաղկեպսակների գումարը: Հարյուրավոր քաղաքացիներ կատարում են մեծ ու փոքր, բայց իրենց և մեր ամբողջ հասարակության համար չափազանց նշանակալի նվիրաբերություններ:

Իհարկե, հիմնադրամից կատարված հատուցումներն ընտանիքներին չեն վերադարձնի իրենց հարազատներին, չեն վերականգնի զինհաշմանդամի առողջությունը, և այս իմաստով՝ «փոխհատուցում» բառը բոլորովին տեղին չէ: Բայց փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի զավակները` Վիտալին և Արմինեն, նրա այրին կզգան, որ պետությունը, ամբողջ ժողովուրդը, յուրաքանչյուր քաղաքացի կանգնած են իրենց կողքին:

Փոխգնդապետը, ով դեռևս 2015 թվականին ստացել էր ծանր վիրավորում և կարող էր զորացրվել, բայց շարունակեց ծառայությունը, իհարկե, չի մտածել այդ մասին, երբ ընտրել է մասնագիտություն, երբ անցել է մարտական հերթապահության, անգամ երբ լսել է ծավալված թեժ բանավեճը` հիմնադրամի ստեղծման նպատակահարմարության շուրջ: Բայց վստահ եմ, որ հոգու խորքում միշտ գիտեր, որ եթե որևէ բան պատահի, իր մարտական ընկերները, իր հարազատները, նաև բոլորովին անծանոթ մարդիկ անտարբեր չեն մնա իր ընտանիքի հոգսերի հանդեպ: Կարևոր է, որ մենք դա անում ենք կանոնակարգված և համախմբված կերպով: Տիկի՛ն Ինգա, մեր հասարակությունը խոնարհվում է Ձեր ամուսնու հիշատակի առջև:

Այս տարի հիմնադրամից ընդհանուր առմամբ ավելի քան 400 միլիոն դրամի փոխհատուցում է ստացել 41 ընտանիք: Առաջիկա տարիներին այդ ընտանիքներին կփոխանցվի ավելի քան 2 մլրդ դրամ: Դա այն նվազագույնն է, որ մենք պարզապես պարտավոր էինք անել:

Պարտավոր էինք նաև իրական քայլեր կատարել զոհվածների և հաշմանդամների ընտանիքների բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ: 9 ամսվա ընթացքում մենք կատարեցինք Հանրապետության Նախագահի հանձնարարականը և ամբողջությամբ լուծեցինք հերթագրված 1-ին կարգի զինհաշմանդամների անօթևան և բարելավման կարիք ունեցող, ինչպես նաև զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակավորման խնդիրը: Այս տարի շարունակելու ենք ծրագիրը 2-րդ կարգի զինհաշմանդամների համար:

Տոնական այս օրերին մենք Երևանում շահագործման ենք հանձնելու բնակելի շենք զինծառայողների համար: Ավելի քան 70 սպայական ընտանիք կնշի իր բնակարանամուտը: Նրանց մեջ է հրետանային դիվիզիոնի հրամանատար, զինված ուժերում 20 տարվա անթերի, այդ թվում երկար տարիներ առաջնագծում ծառայություն ունեցող փոխգնդապետ Հարությունյանը, նրա տիկինը` Գայանեն, և որդիները` Համլետն ու Հայկը: Թող ձեր նոր օջախում մշտապես թևածեն սերն ու համերաշխությունը:

Սակայն 70 բնակարանը ակնհայտորեն անբավարար է հազարավոր սպաներ ունեցող բանակի համար: Նոր օրենսդրությամբ նախատեսված կարգով արդեն այս տարի կմեկնարկի սպայական անձնակազմի համար գերմատչելի բնակարանների հիփոթեքային ծրագիրը, որը թույլ կտա յուրաքանչյուր տարի լուծել մոտավորապես 500 սպայական ընտանիքի խնդիր: Այնպես որ, սպայական մասնագիտությունն ընտրող երիտասարդը արդեն ռազմաուսումնական հաստատություն ընդունվելիս վստահ կլինի, որ լուծված է իր ապագա ընտանիքի սոցիալական կարևորագույն հարցը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հովհաննես Պողոսյանը, Հայկ Թորոսյանը, Դանիել Դավթյանը, Անդրեյ Վարդումյանը, Ավետիս Զարգարյանը իրենց զինակից ընկերների շրջանում մեծ հեղինակություն են վայելել: Նրանք միշտ աչքի են ընկել իրենց խիզախությամբ, ոգու ամրությամբ, ֆիզիկական ուժով: Ապրիլյան արկածախնդրության օրերին հակառակորդի գնդակը նրանց գամեց մահճակալին:

Բժիշկներն ասում են, որ նմանօրինակ բարդ դեպքերում ողջ մնալու հավանականությունն է զրոյին մոտ, իսկ գիտակցության, խոսելու, քայլելու կենսական ֆունկցիաներն անգամ երկրորդական են դիտվում: Բայց զինված ուժերի փորձառու սպա-բժիշկները փոխգնդապետ, այն օրերին վերակենդանացման բաժնի վարիչ, իսկ այսօր արդեն ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանի գլխավորությամբ արեցին անհնարինը: Մեր հերոս տղաները ոչ միայն ապրեցին, այլև արագ սկսեցին վերադառնալ լիարժեք կյանքի:

Նման դժվար վիճակում հայտնված բազմաթիվ երիտասարդներ ունեն երկարատև և շարունակական արհեստավարժ վերականգնողական բուժման կարիք: Հայաստանում այդպիսի ծառայությունները մասնակիորեն էին հասու: Կար մասնագիտական ներուժի և անհրաժեշտ սարքավորումների պակաս:

11 ամիս առաջ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկուհի Մինասյանը պատմեցին իրենց տեսլականի մասին` Երևանի կենտրոնում, Բժշկական համալսարանի բազայի վրա, Երևանի ամենահին պատմական բուժհաստատության շենքում ստեղծել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Չկար նախագիծ, չկար նախահաշիվ, չկար հետագա աշխատանքի ծրագիր: Կառավարման բոլոր կանոններով այդ ծրագիրը դատապարտված էր տապալման: Սակայն նրանք այնքան վստահ էին իրենց նպատակներում, համոզիչ՝ հիմնավորումներում, որ անհնարին էր մերժելը:

Հանրապետության Նախագահի և Առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո, բազմաթիվ բարերարների, կազմակերպությունների և կառույցների շնորհիվ հաշվված ամիսների ընթացքում կատարվեց ահռելի ծավալի շինարարական աշխատանք:

Բարերար Սամվել Կարապետյանի ջանքերով կենտրոնը հագեցվեց գերժամանակակից սարքավորումներով: Այսօր արդեն եզակի այդ կառույցը բացեց իր դռները: Այն լավագույններից է միջազգային չափանիշներով: Բացի վերականգնողական ծառայություններից` կենտրոնը լինելու է նաև «մեկ պատուհան» զինհաշմանդամների համար` նրանց բոլոր խնդիրներին հնարավոր լուծումներ գտնելու նպատակով: Ստեղծվելու են մասնագիտական ուսուցման և զբաղվածության ծառայություններ:

Շուտափույթ ապաքինում մեր հերոսներին:

Հարգելի´ ներկաներ,

Ի թիվս այսօր հնչած երախտագիտության բազմաթիվ խոսքերի՝ հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր այն 150 քաղաքացիներին, ովքեր այնչափ վստահեցին մեր բանակին և պետությանը, որ անգամ մինչև ծրագրի մանրամասների հստակեցումը, մինչև պայմանագրի տեքստին ծանոթանալը, իրենց համաձայնությունը տվեցին զինված ուժեր զորակոչվելու «Ես եմ» ծրագրով:

Ծրագրի նպատակն է ժամկետային ծառայությունը կապել հետագա առաջընթացին` պատվով ծառայությունն անցած զինվորներին ավելի ամուր մեկնարկային դիրքերից քաղաքացիական կյանք վերադարձնելու նպատակով: «Ես եմ» ծրագրի առաջին նորակոչիկներն այժմ դահլիճում են:

Տղե՛րք, ոտքի:

Դուք զորակոչվում եք զինված ուժեր ամենակարևոր ու խորհրդանշական օրը՝ հունվարի 28-ին: Հենց այստեղից, այսօրվա համերգից անմիջապես հետո դուք, համաձայն ձեր ընտրության, մեկնելու եք առաջնագծի զորամասեր` նախ ուսումնական փուլ անցնելու, իսկ ամիսներ անց` մարտական հերթապահություն ստանձնելու:

Պարտական եմ ձեզ ձեր ընտրության, ձեր վստահության համար:

Դուք ապացուցեցիք, որ մեր արժեքները սրբորեն պահպանելու կամքը, կամավորականության ու վտանգին առերեսվելու ոգին մշտարթուն է մեր ժողովրդի մեջ:

Իմացե´ք, որ ձեր որոշումից մի կողմից՝ հուզված, մյուս կողմից՝ ոգևորված են ոչ միայն ձեր ծնողները, այլև ամբողջ ժողովուրդը, դուք եք այսուհետ հայ աղջիկների երազած կերպարները, դուք եք հակառակորդի ահն ու սարսափը, դուք եք ձեր ապագա հրամանատարների հպարտությունն ու հենարանը: Բոլորիս հայացքներն ուղղված են ձեզ ու ձեր ընկերներին: Բարի ծառայություն և բարի վերադարձ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս մեր զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի, Արցախյան շարժման 30-ամյակի, մեր բեկումնային հաղթանակների մեկդարյա հոբելյանի առթիվ:

Աստված պահապան մեր զինվորներին և սպաներին, Հայոց փառապանծ բանակին, մեր ժողովրդին և պետությանը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031