«Այսօր մենք արդեն որպես անվտանգության դոնոր ենք հանդես գալիս, անընդհատ մեզ մեկը պետք է պաշտպաներ, հիմա մենք ինքներս մեզ պաշտպանում ենք, հիմա համաշխարհային արժեք է մեր զինվորը, հրացանակիր հայը արժեք է»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ նրա, բոլոր պետություններին հարմար է, որ ՀՀ-ն ունենա մարտունակ, զինված ուժ, հայերը ունենան լավ բանակ. «Դա մեր անվտանգությունն է ապահովում, դա հարմար է նաեւ համաշխարհային ուժերին, Ադրբեջանի բանակը ծառայում է ինչ-որ ընտանիքի, իսկ մեր բանակը կարեւոր է, մեզ օգնում են, որ մեր բանակը կայանա, օգնում է ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն»:
Մենք հետաքրքրվեցինք՝ այն փոփոխությունները, որ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն անում է բանակում, ոմանք համարում են բարեփոխում, ոմանք համարում են զուտ մենեջմենթի փոփոխություն, դուք ինչպե՞ս եք գնահատում՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Չբարեփոխել անհնար է: Դա ոչ միայն մենք թույլ չենք տա, այլ նաեւ աշխարհը»:
Հարցին՝ բավարա՞ր եք համարում Վիգեն Սարգսյանի ջանքերը՝ նա պատասխանեց. «Լավից լավը կա»: Ըստ նրա,Վիգեն Սարգսյանն ուզում է մենակ ինքը լինի, լավ կլիներ, որ թիմ լիներ. «Լավ է, որ Վիգեն Սարգսյանի բարեփոխիչ է: Ես գիտեմ, որ բարեփոխումներ կան: Դրական տեղաշարժեր շատ կան, մենք դրանից օգտվում ենք»:
Նա վստահեցրեց, որ լավ բաներ բանակում շատ կան. «Համազգեստի որակը լավացել է, սննդամթերքի որակը լավացել է»: Մեր հարցին՝ առաջ ի՞նչ էին տալիս ու հիմա ինչ են տալիս, որ լավացել է որակը՝ պարոն Արշակյանը պատասխանեց. «Առաջ մարգարին էին տալիս, հիմա՝ կարագ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ապրիլյան պատերազմից հետո որոշ զինվորականների միայն աշխատանքից ազատելով պատժեցի՞ն մեղավորներին, չէ՞ որ սխալներ կային՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Այդպիսի աշխատանքից հեռացնելը շատ մեծ պատիժ է նրանց համար: Երկու տարբերակ կա՝ նրանք պարգեւատրվում են, շնորհակալություն են հայտնում ծառայության համար, կամ պատժվում են թերացումների, խախտումների, գուցե հանցագործության համար: Կամ քրգործ է հարուցվում, կամ մենք տեսնում ենք հանդիսավոր առավելությունները պարգեւատրման: Կա նաեւ տարիքը՝ 45 տարին լրացել է՝ պետք է թոշակի անցնի գեներալը, որ ուրիշ գեներալներ մենք ունենանք: Նրանք բոլորը, ում ժամկետը լրացել է՝ պետք է պաշտոնանկ արվեն: Շնորհակալություն հայտնեն ծառայության համար եւ ուղարկեն թոշակի: Եթե դա չի արվում, մենք իրավունք ունենք հարցնելու, երիտասարդ կուրսանտները, որ պատրաստվում են դառնալ գեներալներ, պիտի իմանան, որ դա չի կարելի անել»:
Հարցին՝ նրանց փորձը պետք չէ՞՝ Ազատ Արշակյանը պատասխանեց, որ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք եւ անփոխարինելի մարդիկ չկան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ