Կառավարության, պետական գերատեսչությունների ամանորյա կորպորատիվների ծախսերը մամուլում մեծ արձագանք ունեցան: Այս Ամանորին նրանք կորպորատիվների համար ծախսել էին ավելի քան 30 մլն դրամ, ընդ որում, այդ գումարով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սառցե քանդակներ էր պատվիրել, ծաղկեփնջեր, նախարարությունների միջոցառումներն անցել էին քունջութով ֆետա պանրով, թանկ ուտեստներով:
Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ն այս առնչությամբ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին հարցրեց՝ արդյոք հնարավոր չէ՞ր այդ գումարները ավելի արդյունավետ ծախսել, երբ մենք պատերազմով երկիր ենք, պե՞տք էր այդ ծախսը, թե՞ այնուամենայնիվ վերմակը մեր ոտքերի չափով պետք է քաշեինք: Նա պատասխանեց. «Իշխանափոխության հմայքը դրանում է, պետք է հաշվետվություն լինի, դուք ո՞ւմ գումարներն եք այդպես ծախսում: Այդ ճոխությունը, մենք դրան ասում ենք՝ հոռի բարքեր ունեցող: Աստվածաշնչում դատապարտված հոռիները մեր իշխանությունում վխտում են: Չի կարելի մսխել, հայ ժողովուրդը պետք է խնայող լինի, իսկ մեր իշխանությունը հայկական չի, մսխում են, ապազգային են»:
Ազատ Արշակյանն ասաց. «Ես համաձայն եմ, որ պետք է տոնը ճոխ լինի, պետք է շեփորներ լինեն, գույներ, ծաղիկներ եւ խնջույքներ, բայց ձեր հնարավորությունների հաշվով արեք, ո՞վ է հաշիվը փակելու՝ մեկ միլիոն արտագաղթա՞ծը, մեկ միլիոն աղքա՞տը, փակված դպրոցնե՞րը, լիկվիդացված գյուղե՞րը, դրանո՞վ եք հաշիվ փակելու: Ամեն տոնակատարություն հայ ժողովրդի համար դառնում է անբարեկարգ դպրոց, զոհաբերվում է հիվանդանոցը, դպրոցը, զինվորականների պայոկը եւ մարդիկ քեֆ են անում՝ իրենց մեքենաներով, իրենց՝ եռակի, իրար կրկնող ծառայություններով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ