Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտեգրացիոն գործընթացները համադրելու հաջողության գրավականը գործընկերների հետ անկեղծ լինելն է

Հունվար 29,2018 15:00

Հունվարի 24-ին ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ինչպես «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականությանը, այնպես էլ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Ըստ նախագահի՝ ինտեգրացիոն գործընթացների համադրման հարցում Հայաստանի հաջողության գրավականը գործընկերների հետ անկեղծությունն է. «Պետք է անկեղծ լինել գործընկերների հետ եւ չթաքցնել բանակցությունների ընթացքը, պարտավորությունները: Եթե մի ինտեգրացիոն գործընթացում ձեր պարտավորությունները չեն հակասում մեկ այլ փաստաթղթով ստանձնած պարտավորություններին, ապա ինչո՞ւ չի կարելի համագործակցել»,- նշեց նախագահը:

Ելույթում Սերժ Սարգսյանը հանգամանորեն անդրադարձ կատարեց նաեւ Եվրամիության հետ բանակցություններին եւ ԵԱՏՄ անդամակցության գործընթացին՝ ներկայացնելով անգամ այդ կառույցների պատասխանատուների մոտեցումները, դրանց փոփոխությունները: Հարկ է նկատել, որ տարաբնույթ շահարկումների ֆոնին ԵԽԽՎ ամբիոնից այդ թեմային անդրադարձն ու հստակեցումը բավական կարեւոր էին, եթե չասենք՝ անհրաժեշտություն: Այս առումով հատկանշական էր նաեւ Սերժ Սարգսյանի այն շեշտադրումը, որ չնայած շատերի, անգամ՝ Եվրամիության թերահավատությանը՝ «Հայաստանն ապացուցեց, որ ի զորու է համատեղելու տարբեր ինտեգրացիոն կառույցներում իր ներգրավումը եւ նույնիսկ դառնալու համագործակցության օրինակելի մոդել»։

Եվ, իրոք, հայկական կողմն առաջնորդվել է «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականությամբ, որը եվրաինտեգրումն ու եվրասիական ինտեգրումը չի դիտարկում որպես միմյանց հետ բախման մեջ գտնվող ուղղություններ, ընդհակառակը՝ հիմնվում է դրանց համադրման սկզբունքի վրա։ Թերեւս հենց հայկական կողմի հետեւողական աշխատանքի եւ ԱլԳ տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների արդյունքում է, որ բոլոր կողմերի համար աստիճանաբար միարժեք դարձավ Հայաստանի որդեգրած քաղաքականության ռացիոնալությունը եւ օբյեկտիվությունը: Արդյունքում, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, Հայաստանը կարողացավ հաջողությամբ բանակցել եւ ստորագրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Իր ելույթում նախագահը համոզմունք հայտնեց, որ համաձայնագիրը բոլորովին նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ այն որեւէ կերպ չի հակասում ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ եւ ողջ ծավալով ուժի մեջ մտնելու կարեւորությանը՝ նախագահը նշեց, որ դրա համար անհրաժեշտ է, որ այն վավերացվի ԵՄ անդամ 27 երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի կողմից: ԵԽԽՎ ամբիոնից նման շեշտադրումը բավական կարեւոր էր: Գործնականում չենք կարող բացառել, որ այն յուրօրինակ մեսիջ էր՝ ուղղված ԵՄ անդամ երկրներին, եւ կարող է նպաստել ԵՄ անդամների կողմից համաձայնագրի վավերացման արդեն իսկ մեկնարկած գործընթացի արագացմանը:

Ամփոփելով թեման՝ նախագահն ընդգծեց նաեւ, որ «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականության հաղթանակը լայն հնարավորություններ է ստեղծում ոչ միայն Հայաստանի համար: Այն կարող է բավական մեծ դերակատարում եւ դրական ազդեցություն ունենալ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջեւ հետագա համագործակցության կառուցման տեսանկյունից: Այս առումով Հայաստանը կարող է իր ուրույն դերակատարումն ունենալ երկու միությունների միջեւ երկխոսության հաստատման գործում:

ԳՐԵՏԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ

«Առավոտ»

27.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031