Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արձագանք է ստացել Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հունվար 29,2018 14:30

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար
Արփինե Հովհաննիսյանը գոհ է նստաշրջանի արդյունքներից

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը երեկ ավարտվեց: Այս նստաշրջանը հագեցած էր իրադարձություններով՝ ԵԽԽՎ նոր նախագահի, ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատարի ընտրություն: Վեհաժողովում հունվարի 24-ին ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Թեժ հարցուպատասխան ծավալվեց ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ելույթից հետո: Ադրբեջանցի պատվիրակը հարցադրում կատարեց ՀՀ նախագահին՝ հիշեցնելով Խոջալուի իրադարձությունները: Թեժ էր նաեւ երեկ՝ օրվա երկրորդ կեսին ընթացող քննարկումը, երբ ադրբեջանցի պատվիրակ Սեւինջ Ֆաթալիեւայի կողմից ներկայացված՝ «Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտությունների ժամանակ» խորագրով զեկույցի ընթացքում «փոխհրաձգություն» տեղի ունեցավ հայ եւ ադրբեջանցի պատվիրակների միջեւ:

Զեկույցի ներկայացումից հետո ադրբեջանցի չորս պատվիրակներ մեկը մյուսի հետեւից հանդես եկան ելույթներով՝ խոսելով Խոջալուի, Հայաստանի՝ օկուպանտ երկիր լինելու, իրենց անմեղ երեխաներին սպանելու մասին եւ նմանատիպ հայտարարություններով մեղադրանքներ հնչեցրին ՀՀ-ի հասցեին:

Ի պատասխան՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը հիշեցրին ապրիլյան քառօրյա պատերազմը, Թալիշի վայրագություններն ու 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի սպանությունը: Ադրբեջանցի պատվիրակի զեկույցը 39 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ վեհաժողովն ընդունեց:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեցրեց՝ երբ ամիսներ առաջ ասում էր, որ եղել են որոշ զեկույցներ, որտեղ եղել են հակահայկական ձեւակերպումներ, եւ իրենց հաջողվել է հանձնաժողովում չեզոքացնել, այդ զեկույցներից մեկը հենց այս զեկույցն էր: Նշենք, որ քննարկման ընթացքում՝ մինչ զեկույցի՝ քվեարկության դրվելը, ավստրիացի պատվիրակ Շտեֆան Շեննախը վստահեցրեց, որ փաստաթղթում ներառվել են միայն կոմպրոմիսային ձեւակերպումներ:

Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե նախնական շրջանում խոսվում էր Հայաստանի կողմից ԼՂ-ի եւ մյուս շրջանների օկուպացիայի մասին, ձեւակերպում կար Զահրա Գուլիեւայի, ներքին տեղահանված անձանց մասին, սակայն այժմ բացարձակապես չեզոք ձեւակերպումներ են, եւ դուրս են բերվել բոլոր այն մտահոգիչ դրույթները, որ կային հայկական պատվիրակության մոտ: Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության «հարձակմանը»՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Ինձ համար ոչ թե զարմանալի է ադրբեջանական պատվիրակության այս հարձակումը, այլ դա նշանակում է, որ մենք հաջողել ենք: Այս դեպքում նրանց չէր մնում ոչինչ, քան պարզապես բղավելը, ցուցադրական ակցիաներ անելը: Սա իրենց գործն է, եւ եվրոպական գործընկերներից որեւէ մեկի կողմից այնպես, ինչպես իրենք կցանկանային, դա չի ընդունվել: Անգամ որոշ եվրոպացի գործընկերներից ներողություն եմ խնդրել թե՛ ադրբեջանական պատվիրակության սանձազերծած հարձակման, թե՛ հայկական պատվիրակության կողմից նրանց տրված պատասխանների համար»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը գոհ է նստաշրջանի արդյունքներից: Արփինե Հովհաննիսյանը հատկապես ընդգծեց, որ ԵԽԽՎ-ում դրական արձագանք է ստացել Սերժ Սարգսյանի ելույթը. «ԵԽԽՎ միջանցքներում եւ եվրոպացի գործընկերների կողմից լավ է ընկալվել ՀՀ նախագահի ելույթը, եւ դրանում առկա ազդակները ճիշտ են հասկացվել: Կարեւոր է նաեւ այն երկխոսությունը, որ տեղի ունեցավ ՀՀ նախագահի եւ ադրբեջանցի պատվիրակի միջեւ՝ ցույց տալով ադրբեջանցի պատվիրակների փաստարկների սին լինելը, բացառապես թատերական հնարքներին տիրապետելը եւ արժանի հակահարված ստանալու դեպքում ըստ էության որեւէ արձագանքի ոչ ունակ լինելը, քան դահլիճում, այսպես ասած, սուր, ճոճելն է մերկապարանոց հայտարարությունների տեսքով»:

Մեր հարցին՝ երկու նոր նշանակում կա ԵԽԽՎ-ում՝ նախագահ եւ մարդու իրավունքների հանձնակատար, արդյոք ընդունելի՞ թեկնածուներ են հայկական կողմի համար, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Որեւէ նման պաշտոնյայի չեմ ուզում գնահատել ՀՀ շահերի տեսանկյունից. դա ամենասխալ եւ ամենանեղ գնահատումն է, որ կարող է այս դեպքերում տեղ գտնել: ԵԽԽՎ նախագահն իր գործունեության չորս տարիների ընթացքում երբ եղել է պատվիրակ, իրեն դրսեւորել է որպես հավասարակշռված, անկաշառ, օբյեկտիվ մարդկանցից մեկը, եւ դա դրսեւորվել է բոլոր պատվիրակությունների նկատմամբ, ոչ թե միայն մեկ երկրի»:

Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց՝ Միկելե Նիկոլետին ԵԽԽՎ-ի համար ճիշտ նախագահ է եւ կկարողանա կառույցի սասանված հեղինակությունը վերականգնել:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

«Առավոտ»

27.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031