Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրացող երեխաներին գումար մի՛ տվեք. ահազանգեք ոստիկանություն

Հունվար 29,2018 14:00

Միրա Անտոնյանի համոզմամբ՝ մուրացիկ երեխային
գումար տալով ամրապնդում եք նրա տեղը այդ տեղում

Մուրացկան երեխաների թիվը հատկապես վերջին մեկ տարում զգալիորեն նվազել է: Փողոցներում հազվադեպ կարելի է տեսնել փող մուրող երեխաների: Սակայն դեռեւս շատ կան անձեռոցիկ, ծաղիկ կամ այլ մանր-մունր իրեր վաճառող երեխաներ: Այս երեխաների մի մասը նույնպես ձեռքի հետ մուրացկանությամբ է զբաղվում, քանի որ անցորդներից ոմանք գումարը տալիս են երեխային, սակայն ապրանքը չեն վերցնում: Երեկ սա հաստատեց նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա տվյալներով՝ այս պահի դրությամբ մեր երկրում ընդամենը երկու անչափահաս է հաշվառված, որոնք մուրացկանությամբ են զբաղվում, մեկը՝ Երեւանում, մյուսը` Կոտայքի մարզում` Աբովյան քաղաքում: 2016 թվականին 19 երեխա է հաշվառված եղել, 2017-ին եղել են 18-ը: Տիկին Դուրյանի կարծիքով՝ այս հարցում համալիր աշխատանք է անհրաժեշտ, պետք է աշխատեն սոցիալական ծառայությունները, մարզպետարանները, համայնքը, որպեսզի երեխան փողոցում չհայտնվի մուրացկանի կարգավիճակում. «Եթե մենք այսօր կոնկրետ հաշվառված ունենք երկու երեխա, ուրեմն աշխատանք է կատարվում: Տարիներ առաջ այդ երեխաների թիվը բավականին շատ էր:

Ոստիկանության նախաձեռնությամբ մուրացիկ, թափառաշրջիկ երեխաների հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որի մեջ ընդգրկված են բոլոր մարզերի մարզպետարանների բաժինների ղեկավարներ, Մարդու իրավունքների գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական գրասենյակի ներկայացուցիչները, հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են այդ երեխաների հիմնախնդիրներով: Մուրացկանությամբ զբաղվող երեխաներն այնքան էլ շատ չեն, եւ եթե հոգատար լինենք, մենք չենք ունենա մուրացկան երեխա: Մեկը գումար է տալիս՝ խղճալով, մյուսը կոպտում է, վիրավորում է, մեկն էլ արհամարհում է, այստեղ անհրաժեշտ է գրագետ մոտեցում»:

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանը, որի ղեկավարած կառույցը նույնպես զբաղվում է երեխաների իրավունքների հարցերով, համոզված է, որ մուրացկանության երեւույթի հետ աշխատելու շատ կարեւոր բաղադրիչ է հենց հասարակության, մարդկանց, անցորդների վերաբերմունքը: Նրա խոսքով՝ բարեբախտաբար, շատ չեն մուրացկանությամբ զբաղվող երեխաները, բայց եղածների նկատմամբ մարդիկ ոչ ճիշտ մոտեցում են ցուցաբերում. «Հաճախ մենք պարզապես այդ 100 կամ 50 դրամը տալիս ու անցնում ենք եւ մի գուցե լավ ենք զգում, որ այդ երեխան մի կտոր հաց կունենա: Երբ որ մարդիկ այդպես են վարվում, ամրապնդում են այդ երեխայի տեղն այդ տեղում: Որովհետեւ ստացվում է, որ երեխան ձեւավորում է բանաձեւը` ուրեմն սա է տարբերակը գումար, հաց ունենալու, պետք է կանգնի այստեղ, եւ երեւի մի բարի անցորդ կգտնվի եւ կտա այդ 100 դրամը:

Հասարակական կրթումը շատ կարեւոր բաղադրիչ է: Մարդիկ, նկատելով նման երեխային, պետք է ոչ թե 100 դրամ կամ ուտելու մի բան տան ու անցնեն, այլ պետք է թեժ գիծ ահազանգեն, դիմեն մեր կառույցին, դիմեն երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների, այսինքն` ում ինչ հեռախոսահամար հայտնի է, որովհետեւ դա շատ խորքային աշխատելու իրավիճակ է»:

Տիկին Դուրյանն ու Միրա Անտոնյանը տարիների փորձից նշում են, թե ինչ պատճառներով են երեխաները մուրացկանությամբ զբաղվում. «Երբեմն երեխաները դա անում են, որովհետեւ ծնողները չեն կատարում իրենց դերը, որովհետեւ սոված են, ծնողները նրանց չեն կերակրում, երբեմն անում են, որովհետեւ ծնողներն են ուղարկում մուրացիկությամբ գումար աշխատելու, երբեմն դա անում են գրպանի գումար, զվարճանքների, համակարգչային խաղեր խաղալու համար. գործոնները շատ տարբեր են, որոնք երեխային մղում են մուրացիկության»:

Ըստ Միրա Անտոնյանի՝ քանի որ շատ տարբեր է եւ հարցը՝ շատ խորքային, չտանք գումար ու անցնենք: Նրա համոզմամբ՝ հանրությանը պետք է կրթել, մարդիկ ահազանգեն այն կառույցներին, որոնք կարող են այդ երեւույթի հետ խորքային աշխատել, որպեսզի երեխան այդ վիճակից դուրս գա, այլ ոչ թե հացի գումար ունենա:

Նելլի Դուրյանն ասաց, որ ոստիկանությունը փողոցում անձեռոցիկ, ծաղիկ վաճառող երեխաներին նույնպես տեսադաշտում է պահում, հայտնաբերելու դեպքում տանում է ոստիկանություն. «Ծնողին ենք հրավիրում, գրում մարզպետարաններին, սոցիալական ծառայություններին: Այս պրոցեսը երբեմն զուգորդվում է մուրացկանությամբ, հիմնական մասը անձեռոցիկի պատրվակով նաեւ փող է մուրում, եւ քաղաքացիները անձեռոցիկը, ծաղիկը կարող է չգնեն, բայց գումարը տան այդ երեխային: Ի վերջո, նույն մուրացկանությունն է դառնում: Ծնողներ կան, որոնք իրենք են ներգրավում, իրենք են դրդում մուրացկանության, բայց սա բավականին բարդ գործընթաց է, երեխան պիտի իր ծնողի դեմ գրի, ասի` այո, ինքն ինձ ուղարկում է մուրացկանության, ապացուցողական դաշտ է պետք, ոստիկանությունը նյութերը նախապատրաստում է, հավաքում, իսկ թե հետագայում ինչ կլինի, դատախազություն եւ այլն, երեխային կտրել այդ մորից, եւ հիմնականում արդեն երեխան հայտնվում է հաստատությունում: Այստեղ անհրաժեշտ է ընտանիքի հետ աշխատանք տանել»:

Խոսելով այն մասին, թե ինչպես է մեր երկրում իրագործվում երեխաների իրավունքների պաշտպանությունը, Միրա Անտոնյանը նշում է. «Մենք ավելի շատ դերակատարներ ունենք երեխաների իրավունքների պաշտպանության գործում, բայց դրանից ծառայություն մատուցողների թիվը չի ավելացել: Համակարգը ուժեղանում է՝ վերահսկողության, մոնիթորինգի, մասնագիտական եզրակացություններ տալու, բայց բուն ծառայություն մատուցելու առումով դրականն այն է, որ համակարգում գնում են վերակազմակերպումներ, եւ բուն ծառայություններ ստեղծելու նպատակով պետությունը նպատակ ունի մանկատների, գիշերօթիկ խնամքի հաստատությունների փոխարեն ստեղծել նմանատիպ կառույցներ»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

27.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031