Լրահոս
Օրվա լրահոսը

13 դրամ 50 լումա վարկի հիմնական պարտք ունեցողի նկատմամբ հետախուզո՞ւմ

Հունվար 29,2018 13:30

2017 թվականի սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը բավավարել է «Արդշինբանկ» ՓԲ ընկերության՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Վահան Զախարյանի հայցապահանջն ընդդեմ Վահե Պողոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Նույն օրը բանկն ուներ նույն դատարանում 23 գործով նիստ, որով նախագահող դատավորը եղել է հիմնականում Ա.Գաբրիելյանը:

Հայցվոր բանկը հայտնել է, որ Վահե Պողոսյանն իրենց հետ կնքել էր հաշվարկային քարտի վարկային պայմանագիր: Բանկը 2013թ. մայիսի 30-ին տրամադրել է քաղաքացուն վարկային սահմանաչափը եւ կողմերի միջեւ պայմանագիրը համարվել է կնքված: Պայմանագրով բանկը պատասխանողին տրամադրել է 400 000 ՀՀ դրամի չափով վարկային գիծ, տարեկան 24 տոկոս դրույքով՝ մինչեւ 31.05.2016թ. վերադարձնելու ժամկետով: Հայցվորի տեղեկացմամբ, վճարային քարտերի վարկավորման կանոնների 5.1 կետով սահմանվել էր. «Հաճախորդների կողմից վարկային գիծը մասնակի կամ ամբողջությամբ մարելու ժամկետները կամ վարկային գծի պայմանագրից բխող պարտավորությունները խախտելու դեպքում վարկային գծի տոկոսը դադարում է, իսկ ժամկետին չմարված վարկային գծին վճարվում են տոկոսներ՝ վարկավորման պայմաններով նախատեսված չափով, մինչեւ ժամկետանց վարկային գծի պարտքի մարումը: Իսկ վճարային քարտերի վարկավորման պայմաններով սահմանվել է, որ ժամկետանց վարկային պարտավորությունների գծով տարեկան տոկոսադրույքը կազմում է 36 տոկոս»:

Ըստ բանկի, Վ.Պողոսյանը նախազգուշացված լինելով վարկային պարտավորությունները կատարելու վերաբերյալ, պահանջը չի կատարել:

Այն է՝ պատասխանողը թույլ է տվել վարկային պարտավորությունների կետանց, ինչի արդյունքում հաշվեգրվել են տոկոսներ եւ տույժեր, ինչպես նաեւ գոյացել են դեբիտորական պարտքեր եւ վերջինիս պարտքը բանկին 29.07.2016թ. դրությամբ վարկի հիմնական պարտք՝ 13,50 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսներ՝ 11 ՀՀ դրամ, որից ժամկետանց տոկոսագումար՝ 3,20 ՀՀ դրամ եւ ժամկետանց վարկի տոկոսագումար՝ 7,80 ՀՀ դրամ, տույժեր, տուգանքներ՝ 6,10 ՀՀ դրամ, այլ միջնորդավճարների գծով պարտք՝ 16889,2 ՀՀ դրամ:

Բանկը դատարան դիմելով, խնդրել էր Վ. Պողոսյանից հօգուտ «Արդշինբանկի» բռնագանձել նշյալ գումարը:

Նկատենք, որ Վահե Պողոսյանն այս հայցի մասին տեղեկացել է անցյալ տարվա դեկտեմբերին, երբ նրանց տուն ոստիկան է գնացել եւ փաստորեն, տեղեկացրել են թե հետախուզում են: Դատարանում գործի քննությունն անցել է առանց Վահեի եւ նրա ներկայացուցչի: Վահե Պողոսյանն աշխատանքի բերումով հանրապետությունից դուրս է, եւ «Առավոտի» հետ հեռակա զրույցի ժամանակ ասաց, թե վարկի գումարը մարել է եւ ինչպես կարող էր «վարկի հիմնական պարտք՝ 13,50 ՀՀ դրամը», դրան հետեւած տոկոսները չփակեր:

Դատարանը հայցվորի օգտին վճիռ է կայացրել, առանց փորձ անելու գտնել, լսել, իմանալ նրա կամ նրա ներկայացուցչի դիրքորոշումը, դրանով իսկ խախտելով կողմի նյութական եւ դատավարական տարրական իրավունքները:

Ավելին, «Դատարանը նշված փաստական տվյալները հաստատված համարեց «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքի հիման վրա», այսինքն՝ շահագրգիռ կողմի, մի կողմի տրամադրած տեղեկանքի հիման վրա:

Ըստ ակամայից երկրորդ կողմ դարձած դատարանի, «Տվյալ դեպքում պատասխանողը, որպես վարկառու, խախտելով իր եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջեւ 30.05.2013 թվականին կնքված վարկային պայմանագրի պայմանները, պայմանագրով սահմանված ժամկետներում չի վճարել հաշվարկված տոկոսները, ինչպես նաեւ չի վերադարձրել տրամադրված վարկը, ինչի արդյունքում հաշվարկվել են տույժեր եւ գոյացել են նաեւ այլ միջնորդավճարների գծով պարտքեր, որոնց հանրագումարը 29.07.2016թ. դրությամբ կազմել է 16919,80 ՀՀ դրամ, հետեւաբար, վերոհիշյալ իրավանորմերի դրույթներին համապատասխան՝ նշված գումարը ենթակա է բռնագանձման պատասխանողից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի` որպես պայմանագրից ծագած պարտավորության ոչ պատշաճ կատարման գումար, ինչպես նաեւ վարկային պայմանագրով նախատեսված կարգով եւ չափով պետք է հաշվարկվեն եւ բռնագանձվեն նաեւ տոկոսներ»:

Վճռի կատարումը հանձնարարվել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, անձը դրսում գտնվելու պատճառով, բողոք էլ չի բերել վերաքննիչ քաղաքացիական դատարան:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

27.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031