Հունվարի 28-ին ՀՀ բանակի 26-րդ տարեդարձի կապակցությամբ Տավուշի մարզպետարանի հարակից տարածքից, քաղաքի Անկախության փողոցով երթ կատարվեց դեպի զոհված ազատամարտիկների հուշակոթող: Երթին մասնակցում էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, պետական հիմնարկությունների աշխատողներ, զինծառայողներ, Իջեւանի բնակիչներ:
Իջեւանի ազատամարտիկների հրապարակում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին Տավուշի մարզպետարանի եւ Իջեւանի քաղաքապետարանի կողմից ծաղկեպսակ դրվեց: Երթի մասնակիցները ծաղիկներով խոնարհվեցին վասն հայրենյաց նահատակվածների հիշատակին: Հրապարակում հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Տոնական միջոցառումը շարունակվեց Իջեւանի երաժշտական դպրոցում, ուր այդ դպրոցի սաների, մանկավարժների, Իջեւանի մշակույթի տան համույթների մասնակցությամբ համերգ կայացավ: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ՀՀ բանակի տարեդարձի առթիվ պատվոգրեր հանձնեց մի խումբ երկրապահների եւ զինծառայողների:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ