Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցանկությունս էր անել այն, որ վաղո՜ւց պետք է արված լիներ»

Հունվար 29,2018 13:00

Արվեստագիտության թեկնածու
Վասիլի Գեւորգյանի դիտարկումները

Արվեստագիտական գրականություն մեզանում հազվադեպ է հրատարակվում: Վերջին շրջանում առիթի դեպքում հաճախ է հարց առաջանում՝ ինչո՞վ են զբաղված …գետները (նկատի ունեն կինոգետներին, երաժշտագետներին, թատերագետներին եւ այլն): Եվ քանի որ այս դեպքում թատերագետների ճնշող մեծամասնությունը «լռում» է, համապատասխան բուհում այս ոլորտի որոշ առարկաներ ուսումնասիրելիս, այդ թվում՝ համաշխահային եւ եվրոպական թատրոնների պատմություն, ուսանողները ստիպված օգտվում են օտարալեզու գրականությունից: 2017թ. ավարտին տարիների ընդմիջումից հետո հրատարակվեց «Եվրոպական թատրոնի պատմության ակնարկներ» (ակունքներից մինչեւ 17-րդ դար) աշխատությունը, որի հեղինակն է թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դոցենտ Վասիլի Գեւորգյանը:

«Առավոտի» հետ զրույցում մասնագետը նշեց. «Եվրոպական թատրոնի պատմությունն առաջին հերթին եվրոպական մշակույթի պատմությունն է՝ հունական արվեստի, հռոմեական իրավունքի եւ քրիստոնեական բարոյախոսության վրա աճած մի ծառ, որի յուրաքանչյուր ճյուղն ուրույն է: Ֆրանսիական եւ անգլիական, իսպանական եւ իտալական, գերմանական եւ ռուսական թատրոնները մի ընտանիք են, որում, իհարկե, տեղ ունի նաեւ հայ թատրոնը…»: «Եթե համեմատենք խորհրդային շրջանի հետ, արվեստագիտական գրականություն այսօր հազվադեպ է հրատարակվում: Բայց նկատենք, որ արեւմտյան իրականության մեջ հետազոտական աշխատանքներն արվեստի ոլորտում մշակութային համալսարանների ընդհանուր տրամաբանության մեջ են հրատարակվում, այլ ոչ ինքնուրույն, առանձին: Իմ աշխատությունը նույնպես հասցեագրված է առաջին հերթին թատրոնով եւ մշակույթի պատմությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր անհատի:

Անկասկած, կառուցել եմ աշխատություն՝ նկատի ունենալով նաեւ ուսանողներին»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետո էլ հավելեց. «Լավ կլիներ մշակույթի տարբեր ոլորտներում նման աշխատություններ հաճախ լինեին»: Հավաստիացրեց, թե գրահրատարակչությունը մի ոլորտ է, որտեղ գործ նախաձեռնելուց առաջ պետք է հստակ պատկերացում ունենալ ընթերցողի մասին: Հիշեցրեց նաեւ, թե Երեւանի համալսարանի ուսանողները վերջերս բողոքում էին, թե ինչու համաշխարհային պատմությունը պետք է օտարալեզու լինի: Նրանց պատասխանել էին, որ գիրք հրատարակելը հսկայական գումարի հետ է կապված: Թեեւ նկատենք, որ ոչ մայրենիով դասագրքերը մեծամասամբ ռուսերեն են, ինչին տիրապետում են:


Հետաքրքրությանը, թե իր «Եվրոպական պատմության ակնարկներ» գրքի առաջարկը բուհի՞ց էր ստացել, Վասիլի Գեւորգյանն ընդամենն ասաց. «Դա իմ ցանկությունն էր, բայց այն պետք է վաղո՜ւց արված լիներ: Ասեմ նաեւ, որ հրատարակման գործում ինձ աջակցեց «Մունետիկ» հրատարակչությունը (տնօրեն՝ Արթուր Մաշինյան), ընդ որում, տնօրենը նաեւ իրականացրել է գրքիս ձեւավորումը»:

Հարցին՝ ինչ կարծիքի է մերօրյա թատրոնների մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մերօրյա թատրոնն ունի բազմաթիվ խնդիրներ՝ կառուցվածքային եւ կազմակերպչական: Բայց միանշանակ ունի հիանալի երիտասարդ սերունդ, բացառապես նոր մտածողությամբ…»:

Տեղեկացված լինելով, որ Վասիլի Գեւորգյանը ոչ միայն մոլի երաժշտասեր է, այլ հանդես է գալիս նաեւ երաժշտասերների շրջանում մեծ պահանջարկ ունեցող Պարունակյան ջազ բենդի կազմում իբրեւ բաս կիթառահար, հետաքրքրվեցինք նրա այդ գործունեությամբ: Արվեստագետը նշեց, թե երաժշտությունն իրեն ոչ միայն ներշնչում է, այլեւ հաղորդում բարձր տրամադրություն եւ ասաց. «Պարունակյան բենդում 2014 թվականից եմ, զուգահեռ համագործակցում եմ նաեւ Another Story Band ռոք խմբի հետ: Հաճախ նրանց հետ հանդես եմ գալիս երեւանյան ակումբներում»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

27.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Բայց մի՛ մոռացեք, որ շատ մասնագետներ չեն վստահում այս թատերագետի աշխատանքին: Այդ դեպքում ի՞նչ անեն խեղճ ուսանողները:

  2. Թատերագետ Տիգրան says:

    Որոշ թատերագետների էլ անգամ ձեռքը չի ընկել սույն աշխատությունը…

  3. Մարիամ says:

    Ձեռքը ընկնի, թե չընկնի, նոր չէ, որ պետք է իմանան՝ որ թատերագետը ինչ մակարդակ ունի, ինչ կուլտուրա, ինչպիսի մարդ է, իսկ ամենակարևորը՝ ինչ գիտելիքի տեր…

  4. Կրիստինա says:

    Դե էտ ՝վստահող,քննադատող,որակավորող”թատերագետները” թո՛ղ սկզբում, ինչ-որ աշխատանք անեն ,նոր,միգուցե,կունենան այդ ամենի իրավունքը։

    • Թատերագետ Տիգրան says:

      Իսկ դու ինչ գիտես այդ թատերագետները ինչ աշխատանք են արել, թյուր պատկերացում ունեք թատերագիտական ոչ պակաս բարդ աշխատանքի մասին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031