Հեշտ չէ գրել հզոր տաղանդով օժտված անհատականությունների մասին. կկարողանա՞ս նրանց հատուցել արժանին. բացել նրանց ներաշխարհը, հասկանալ նրանց զգացմունքներն ու մտքերը, առանց գունազարդումների ստեղծել նրանց դիմանկարը: Այդպիսի հզոր անհատականություններից է բանաստեղծ, Արցախյան ազատամարտի նվիրյալ Վարդան Հակոբյանը: Նրա մասին գրելուց առաջ, այո, երկար եմ խորհել… Եվ ահա համարձակվեցի անել այդ ոչ դյուրին գործը:
Աշնանային խոնավ առավոտ էր: Դրսում սառը քամուց խշշում էին տերեւաթափվող ծառերը: Աշնան զգացումը հոգեկան անդորր էր պարգեւում, տրամադրում աշխատելու: Հոդվածիս առաջին տողերն էի գրել, երբ հնչեց դռան զանգը, հարեւանս էր, ներս հրավիրեցի: Ձեռքին գրքեր կային, դրեց սեղանին ու ասաց.
– Հորս մահվանից հետո դրանք այլեւս մեզ պետք չեն:
Գեւորգի գնալուց հետո սկսեցի նայել գրքերը. Իսահակյանի, Չարենցի, Պարույր Սեւակի հատորներն են… Հանկարծ հայացքս կանգ առավ գրքերից մեկի վրա. «Արցախա ծուխ»: Անակնկալի եկա: Ես վաղուց էի ուզում այդ գիրքն ունենալ իմ գրադարանում, բայց չէի կարողանում ձեռք բերել, հետո եմ իմացել, որ արագ սպառվել էր: Վարդան Հակոբյանն է գրքի հեղինակը, «Լույս» հրատարակչության կողմից է հրատարակվել՝ դեռեւս 1989-ին: Ուշադրությունս գրավեց կազմի վրա արված մակագրությունը. «Նվիրում եմ պատմության դասարանին»: Մակագրությունն արված է Լիանա Եսայանի անունից: Գեղեցիկ, խոշոր տառերը հուշում են ինձ, որ այդ ժամանակ դեռատի աղջիկ էր Լիանան: Բանաստեղծուհի՞ է նա, թե՞ պարզապես սիրում է պոեզիան, ի՞նչ իմանաս, սակայն համոզված եմ, «Արցախա ծուխ» գրքում զետեղված բանաստեղծություններն ու պոեմներն ընթերցելիս թրթռացել են Լիանայի սրտի լարերը:
Ես այդպես էլ չհետաքրքրվեցի, չհարցրի Գեւորգից, թե ինչպես է այս հրաշալի գիրքը հայտնվել մայրաքաղաքից հեռու, Կարպի գյուղի իրենց ամառանոցում եւ դարձել թանկ մասունք նրա հոր՝ Երեւանի մետրոպոլիտենի վագոնների վերանորոգման վարպետ, կյանքից վաղաժամ հեռացած Ռազմիկ Ներսիսյանի համար: Ես միայն անսքող ուրախությամբ երախտագիտությունս հայտնեցի նրան:
Երբ ընթերցում էի «Արցախա ծուխ» գիրքը, մտաբերեցի Վլադիմիր Օդոեւսկու խոսքերը. «Պոեզիան նախագուշակն է այն վիճակի, երբ մարդկությունը դադարում է ձեռք բերելուց եւ սկսում է վայելել ձեռք բերածը»:
Իսկ սա Բլոկի տողերն են.
Դու այլոց համար հրաշք ես, մուսա,
Սակայն ինձ համար՝ տանջանք ու դժոխք…
Ու ես գրեթե ամեն օր վայելում եմ Վարդան Հակոբյանի պոեզիան, ինքնայրումի ցավով ու ներքին տառապանքով ստեղծած այդ պոեզիայի հրաշքը:
Ես համբուրում եմ փեշերը լեռան,
Եվ կաղնիներ են բարձրանում այնտեղ…
Այս տողերը ոչ միայն հիացնում, այլեւ ներշնչում են ինձ: Ու ես շանթեր բեկանող կաղնիների խշշոցն եմ լսում հեռուներում ծավալվող, այդ խշշոցի զգացողությունն ունենում, կաղնիներ, որ լեռան փեշերին են բարձրացել հայրենի եզերքի սիրով այրվող բանաստեղծի համբույրներից: Ահա սա է ճշմարիտ պոեզիան, որին հաղորդվելիս սկսում է թրթռալ սրտիդ անտեսանելի լարը:
Կարդում եմ Վարդան Հակոբյանի վերջերս տպագրած «Նշագրություն լուսնի վրա» բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուն եւ ամբողջ խորությամբ զգում այն թարմությունն ու կենսական հզոր ռիթմերը, որ բնորոշ են նրա պոեզիային: Այդ պոեզիան միեւնույն ժամանակ մարտնչող է: Ազատամարտի տարիներին ցավից ու ներքին տառապանքից ծնունդ առած բանաստեղծի երգերը դառնում էին ցասում, շանթ ու որոտ էին դառնում՝ արցախցիներին սխրանքի ոգեշնչելով, նրանց մեջ ամուր պահելով երկրի անպարտելիության հավատը: Ես տեսել եմ, թե մարդիկ ինչպես էին ոգեւորվում Վարդան Հակոբյանի կրքոտ խոսքից, թե նրա շիկացման հասած խոսքը ինչպիսի ազդեցություն էր ունենում հոծ բազմության վրա: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակն ու քաղաքի դահլիճները թնդում էին որոտացող ծափերից: Ոգեշնչման, հպարտության պահեր են եղել դրանք: Հասկանալով, որ այդ այրող խոսքի դեմ հնարավոր չէ պայքարել, Սաֆոնովն ու նրա հանձնակատարները սկսեցին որոգայթներ հյուսել Վարդան Հակոբյանի շուրջը, ամեն գնով փորձել նրան մեկուսացնելու ազգային-ազատագրական պայքարից, սակայն բանաստեղծ- ազատամարտիկը ճակատագրական այդ օրերին չէր կարող ժողովրդի հետ չլինել: Վարդանի հիշողությունը շատ բան է պահպանում սաֆոնովյան ռեժիմի դաժանությունների մասին: Այդ ռեժիմի անողոք ջրաղացքարը այդպես էլ չկարողացավ տրորել, փոշիացնել նրան, սպանել նրա ազատատենչ ոգին, չկարողացավ, նա մինչեւ վերջ ժայռի նման կանգուն մնաց ահեղ արհավիրքի դեմ ու չերերաց. ազատության զինվորը երբեք չի երերում ու չի մտածում պարտության մասին՝ ամենածանր պահերին անգամ, նա ի սկզբանե ազատագրական պայքարի կրակով է մկրտված:
Վարդան Հակոբյանը այսպիսի տողեր ունի.
Քեզնից ծնվելը
Դեռ քիչ է՝
Որդիդ դառնալու համար:
Սարերդ պիտի
Ինձնով տուն դառնան,
Ինձնով կանաչեն,
Իմ նախշով պիտի
Քարդ ճանաչեն…
Ամեն անգամ հուզմունքով եմ կարդում հայրենասիրական շնչով գրված այս տողերը, նորից զգում բանաստեղծության մեծագույն վայելքը, կրկին համոզվում, որ Վարդան Հակոբյանը հզոր տաղանդ է: Նրա բանաստեղծական արվեստի տաճարում արցախյան հողի ծիածաններն են շողում, նրանց գույների մաքրությունը: Այդ տաճարի զանգակատան բարձրություններից նայելիս այնպես պա˜րզ է երեւում Արցախը՝ կապույտ, թափանցիկ մշուշի մեջ, մի երկիր, որը դրախտավայր է բանաստեղծի համար, ամենաչքնաղն աշխարհում, ամենասքանչելին:
Հաճախ ինձ այնպես է թվում, թե շուրջ 50 գրքերի, տասնյակ պոեմների ու պիեսների, էսսեների ու գրականագիտական հոդվածների հեղինակ Վարդան Հակոբյանի ձեռքերը հողի մշակի անխոնջ ձեռքեր են: Այդ ձեռքերը նաեւ ԼՂՀ պետական օրհներգն են գրել: Ստեղծագործական սխրանք է դա: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 8 լեզուներով:
Վարդան Հակոբյանի պոեզիայի, նրա գեղարվեստական հայտնագործությունների մասին գրքեր են գրվել: Գնահատանքի ջերմ խոսքեր են ասվում այդ գրքերում: Ահա թե ինչ է գրում ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը.
«Պետք է ծանոթանալ Վարդանի պոեզիային, զգալ, թե ինչպիսի ներքին հարուստ բովանդակություն ունի այն, պոեզիա, որը հագեցած է ոչ միայն բնության, սիրո, կարոտի եւ այլնի մոտիվներով, այլ պատմության փիլիսոփայությամբ, առասպելաբանությամբ… Վարդան Հակոբյանը ստեղծել է մի պոեզիա, որը, կարծում եմ, զուգահեռի վրա է… համաշխարհային արդի բանաստեղծության հետ»:
Վարդան Հակոբյանի բանաստեղծություններից մեկը այնպես է նստվածք տվել էությանս մեջ, որ հնարավոր չէ մոռանալ.
Հաճախ իրար հետ
Վեճի մեջ մտնում,
Կռվում են երկար քամին ու ծովը…
Բայց միշտ էլ անմեղ
Նավակն է տուժում
Այդ ահեղ կռվում…
Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի ուսանող էր Վարդան Հակոբյանը, տասնութ- տասնինը տարեկան պատանի, երբ գրել է այս բանաստեղծությունը, տպագրել 1969 թվին «Ազերնեշր» հրատարակչության կողմից հրատարակված «Մեղեդիներ» գրքում, նրա առաջին գիրքն է: Ու մինչեւ հիմա էլ զարմանում եմ, թե Արցախում եւ Բաքվում ապրող ու ստեղծագործող հայ գրողների համար տպագրվելու առումով խիստ անբարենպաստ այդ տարիներին ազերի գրաքննիչների աչքից ինչպե՞ս է վրիպել այս բանաստեղծությունը, որն այսօր էլ արդիական է եւ սերտորեն առնչվում է մարդկանց մտահոգող, հուզող խնդիրներին:
Վերընթերցելով Վարդան Հակոբյանի գրքերը, ինձ համար նոր բացահայտումներ եմ անում, հայտնաբերում նոր երանգներ ու խորհում. հոգին մաքրող, սրբագործող պոեզիան երջանկացնում է մարդկանց, նրա առջեւ խոնարհվում են բոլոր տարիքներում, ինչպես մեծ ու նվիրական սիրո առջեւ:
Հաճախ եմ հանդիպում սիրելի բանաստեղծին ու զրուցում հետը, ամեն անգամ ապրում նրա էությանը հաղորդվելու բերկրանքը։ Անցած տարվա աշնանն էր, մեկնել էի Արցախ։ Եվ ահա նորից հանդիպել ու զրուցում էինք, խոսքը բանաստեղծական արվեստի մասին էր, ժամանակակից պոեզիայի մասին։
– Ինքնազոհություն է պոեզիան, այն կոչված է հոգին ձերբազատելու անտարբերության ու մոռացումի փոշուց, որ մարդը չհասնի արձանի սառնության,-ասաց ու լռեց, երկար լռեց…
Ասում են՝ գրքերը մտերիմ նավեր են, որ ճանապարհորդում են ժամանակի ալիքների վրայով եւ տանում են իրենց թանկագին բեռը սերնդեսերունդ:
Ճանապարհորդելով՝ Վարդան Հակոբյանի գրքերը Արցախյան կենաց ծառի հզոր սաղարթների խշշոցն են տանում հասցնում հեռավոր ափեր, Արցախի հաղթանակած երգի ղողանջները, այդ հողը շենացնող մարդկանց սերը, խիղճն ու բարությունը:
Ապրիլյան պատերազմի օրերն էին, զանգահարեցի Վարդանին. ջրդեղված պողպատի զնգոց կար հեռախոսալարի մյուս ծայրում հնչող նրա ձայնի մեջ: Ասաց, որ նոր է վերադարձել առաջնագծից. այնտեղ նաեւ իր թոռներն էին կռվում: Այդ ծանր ու դաժան օրերին, պարզ է, չէր կարող չցավեր, տագնապի զանգեր չհնչեցներ սիրտը բանաստեղծի՝ վտանգված երկրի, մարտերում զոհվող իր հայրենակիցների համար: Եվ 68-ամյա բանաստեղծը թողել ամեն ինչ, գնացել հասել է մարտական դիրքեր՝ իր նվիրական ուղեկիցը դարձրած խոսք ու բառի շիկացած ոգին, տեսել անողոք պատերազմի ողջ զարհուրելին, տեսել մեր զինվորների աներեւակայելի սխրանքը, դարձել նրանց սխրանքի ու քաջության վկան եւ հրաշալի ներբողներ նվիրել նրանց։
Վարդան Հակոբյանի ծննդյան 70-ամյակն է շուտով լրանում: Համոզված եմ, Արցախում սիրով կնշեն նրա հոբելյանը: Գնահատանքի ջերմ խոսքեր կասեն Հայաստանից եւ արտերկրներից ժամանած գրողներն ու արվեստագետները: Կժամանի՞ Ռոման Կիսյովը՝ բուլղարացի տաղանդավոր բանաստեղծն ու նկարիչը, ո՞վ գիտե, իսկ նա այսպիսի տողեր ունի Վարդան Հակոբյանի մասին. «…Ցավից եւ կյանքի ծարավից ծնունդ առած այս հրաշալի պոեզիան տեսնում է անտեսանելին»:
Ու հիմա ես սպասում եմ գարնան բացվելուն, որ գնամ Արցախ, գնամ շնորհավորեմ իմ հին ընկերոջ ու բարեկամի հոբելյանը, նորից ապրեմ նրա հետ հանդիպումների անհուն բերկրանքը:
ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Առավոտ»
27.01.2018