Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մշակույթ Հայաստանում. հայ ընթերցողի դատին են հանձնվում մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելերները

Հունվար 29,2018 10:38

Մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելերները ներկայացվում են հայ ընթերցողներին: «Բուկինիստ» գրախանութների ցանցի Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում փետրվարի 3-ին, ժամը 18:00 տեղի կունենա համաշխարհային բեսթսելեր Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի ​«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի շնորհանդեսը: Մոտիվացիոն գրականության այս նմուշը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Հրատարակչության նախաձեռնությամբ մոտիվացիոն և բիզնես գրականությունը հայերեն թարգմանությամբ հանձնվում է ընթերցողների դատին: Այսպիսով ձևավորվում է բոլորովին նոր մշակույթ. մեր ընթերցողները հնարավորություն են ստանում մայրենի լեզվով ուսումնասիրելու համաշխարհային բեսթսելերները: Մոտիվացիոն գրականության նմուշներից էր, օրինակ, կյանքում և բիզնեսում փոփոխություն մտցնելու բոլոր ժամանակների թիվ 1 բեսթսելերը՝ Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը, որը Հայաստանում հրատարակվելուն պես բեսթսելեր դարձավ: Հերթը «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքինն է:

«Համաձայնեք, որ մեր երկրի պայմաններում մեր ժողովուրդը շատ կարիք ունի մոտիվացված կերպով աշխատելու, ինչը կբերի տնտեսության զարգացման: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ընթերցող իրավունք ունի յուրովի ընկալել, մեկնաբանել և կիրառել գրքի ուղերձը իր կյանքում և գործում: Իհարկե, ուղերձը միայն մենեջեր մասնագիտության տեր մարդկանց չի ուղղված, այլ բոլոր նրանց, ովքեր որևէ ոլորտ են տնօրինում իրենց կյանքի կամ գործի մեջ՝ սկսած երկրի ղեկավարներից մինչև տնային տնտեսուհին, որը իր տնտեսությունն է տնօրինում, երեխաներին դաստիարակում»,-նշում է թարգմանիչ Նազելի Կարապետյանը:

Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին և գլոբալացմանը համընթաց:
Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել:
​«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից:

Նշենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շարունակելու է հայ ընթերցողին ներկայացնել մոտիվացիոն և բիզնես գրականություն: Շուտով ընթերցողների դատին կհանձնվի գրող, գործարար Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գրքի հայերեն թարգմանությունը: Time ամսագիրն այն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031