Բերդավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից է, որը 20 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: Բերդավանցիները մեծ մասնակցություն են ունեցել 1990-ական թվականների ազատամարտին: Հունվարի 28-ին ՀՀ բանակի 26-րդ տարեդարձը Բերդավանում մեծ շուքով նշվեց: Հանդիսությունը կայացավ գյուղի մշակույթի կենտրոնում, որն ադրբեջանական զինուժի հրետակոծությունից վնասվելուց հետո վերականգնվել է: Միջոցառումը կազմակերպել էր Բերդավանի մշակույթի կենտրոնը՝ Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանի գլխավորությամբ: Մշակույթի կենտրոնի դահլիճը եւ օթյակը լեփ լեցուն էին:
Տոնական միջոցառմանը ներկա էր խոշորացված Նոյեմբերյան համայնքի (որի կազմում նաեւ Բերդավան գյուղն է) ղեկավար Կարեն Աբազյանը՝ իր տիկնոջ հետ: Օրվա խորհրդին հարիր ելույթ ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ում խոսքերով`բերդավանցիները բերդի նման ամուր են: Բեմի վրա զինվորական միջավայր էր ստեղծվել, զինվորական համազգեստով երեխաները նստել էին «խարույկի» մոտ, որի վրա զինվորական կաթսան էր: Իրար էին հաջորդում գեղեցիկ երգն ու պարը, ասմունքը: Հաջողված կատարումներով հանդես եկավ «Սոսե» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար`Կարինե Ջիլավյան), որի կազմում Նոյեմբերյան, Այրում քաղաքներից, Զորական, Բերդավան եւ Կողբ գյուղերից երեխաներ էին: Բերդավանցիները ծափահարություններով ողջունեցին դահլիճում նստած համագյուղացի երիտասարդներին, որոնք նոր են վերադարձել ժամկետային զինծառայությունից: Համացանցի միջոցով կապ հաստատվեց բերդավանցի զինծառայողների հետ, որոնք այժմ պաշտպանում են հայրենիքի հեռավոր սահմանը:
Ներկաները բավականություն ստացան Հայաստանի բանակի տարեդարձին նվիրված համերգից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ