«Արծիվ մահապարտների միություն» հ/կ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում Հայոց բանակի 26-ամյակին նվիրված ասուլիսում հիշեց Արցախյան ազատամարտի տարիներին կատարված իր համար ամենահուզիչ դրվագներից մեկը: Դեպքը տեղի է ունեցել Վաղահաս (Վաղուհաս) գյուղի ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերի ժամանակ, երբ հերթական գրոհի նախապատրաստությունից առաջ ազատամարտիկները մկրտվել են: «Միանգամից 75 հոգի մկրտվեց: Տեր Հովհաննեսը եւս մկրտեց, որը նաեւ մեր հետախույզն էր: Տղաներից «Կյաժը» երգում էր՝ «Հասնինք Սասուն, մտնինք Վան…», երբ Տեր Հովհաննեսը մեզ ասաց՝ «ուր էլ կհասնեք, հիշեք, որ ձեր հետեւում Գանձասարն է՝ նահանջելու տեղ չունեք»,-պատմեց Աստվածատուր Պետրոսյանը:
Մկրտությունից հետո սկսվել է հակառակորդին շրջանցելու, ապա՝ գրոհի ենթարկելու հերթական գործողությունը: «Հաջողությամբ շրջանցում կատարելով՝ հասանք բարձունքին, որտեղ Տեր Հովհաննեսը 10 հարազատների էր կորցրել: Մեր ընկերները զոհվել էին»,-ցավով հիշեց Աստվածատուր Պետրոսյանը, ապա մատնանշեց, թե ինչ էր անում բուժակ, այժմ՝ «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, որը եւս ներկա էր ասուլիսին:
«Նա, փոխանակ դիերը ծածկեր, ասում էր՝ «ես գնում եմ վրեժ լուծելու եւ խփողին խփելու»: Նա գնաց մեր տղաներից Մուրադի հետ եւ բարձունքից շրջափակման մեջ գցեց թուրքերի չորս հոգանոց հատուկ ջոկատայինների խմբին: Աիդան նշան է բռնում «իր» թուրքին, երբ Մուրադը տեսնում է, որ նրանցից մեկն էլ Աիդային է նշան բռնել: Մուրադը միանգամից չորսին էլ վերացնում է: Վերադառնում են, Աիդան դժգոհում է ու ասում՝ «ես այլեւս նրա հետ տեղ չեմ գնա, պատժի նրան, նա իմ թուրքին սպանել է»: Ես էլ կատակով նախատեցի, թե՝ Մուրադ, ինչո՞ւ ես սպանել նրա թուրքին»,-ժպտալով ասաց Աստվածատուր Պետրոսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային