Լրահոս
Օրվա լրահոսը

«Ու՞ր է իմ գրավի առարկան». «Սեֆ»-ից տուժած հաճախորդներն անորոշության մեջ են

Հունվար 28,2018 19:04

«Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից գողություն կատարելուց ժամանակ անց տեղեկացանք, որ ձերբակալվել է մասնաճյուղի կառավարիչ Հայկազ Մարտիրոսյանը, իսկ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը՝ մոտ 90 մլն դրամի ոսկյա զարդեր:

Այնուհետեւ տեղեկություն տարածվեց, որ կողոպուտից տուժած քաղաքացիներին բանկը փոխհատուցման պայմաններ է առաջարկում: Սակայն, հաճախորդների մեծ մասը համաձայն չէ, ընկերության կողմից առաջարկվող պայմանների հետ: Այժմ կազմակերպությունից օգտվող հաճախորդներն անորոշության մեջ են:

Վալյա Օհանյանը, որը նույնպես բանկի հաճախորդ է, կողոպուտի արդյունքում կորցրել է գրավ դրած ոսկյա զարդերը. «196.000 դրամի ոսկի եմ դրել, 5 ամիս վճարել եմ տոկոսագումար՝ 68.000 դրամ: Հիմա պարտքը մայր գումարից մինուս են անում 43.000 դրամ, այսինքն` մնացած 25.000 դրամը տոկոսի գումար է գանձվում: Բացի այդ մի քանի օրվա մեջ արդեն 5.000 դրամի տոկոս է գանձվել: Գողության դեպքից հետո գնացել եմ ստուգել 148.000 դրամ է եղել, հետո բարձրացավ 151.000, հիմա էլ դարձել է 153.000 դրամ: Չհասկացա, թե ոնց եղավ»:

Վալյան համաձայն չէ բանկի կողմից առաջարկվող պայմանների հետ: Ասում է՝ իրեն միայն իր զարդերն են պետք. «Իմ վճարած գումարն եմ հետ պահանջում, իմ ոսկու ստույգ արժեքն եմ ներկայացրել, եւ այն, որ ավելորդ ինչի համար պետք է տոկոս տանք: Իմը 310. 000 դրամի ոսկի է, իրենք 196.000 դրամ են գնահատել, ես իմ իրական ոսկու արժեքն եմ ուզում կամ ոսկին»:

Վերջինս դժգոհում է ասելով, որ չնայած նրան, թե իրենց զարդերը չկան, միեւնույնն է բանկն ամսական տոկոսագումար է վերցնում. «Վճարումը միշտ պարտաճանաչ արել եմ, մի քանի օր շուտ, իսկ այս ամիս ինչի՞ համար վճարեմ: Գնացի բանկ, ասեցի, եթե չեմ վճարում ի՞նչ պետք է լինի, ասեցին, որ առաջին օրը 3.000 դրամ է գանձվում, դրանից հետո 0.4 տոկոսի չափով: Ասում եմ, ինչի՞ համար եք ինձնից տոկոս պահանջում, պատասխանում են, որ սա համարվում է վարկ: Դե, եթե վարկ է համարվում, ու՞ր է իմ գրավի առարկան: Ասում եմ, ես հենց հիմա վճարում եմ ամբողջական գումարը, իմ գրավը հետ եք տալիս, ասում են ոսկի չկա»:

Վալյայի կարծիքով՝ խնդիրը կարող են լուծել միայն համախմբվելու դեպքում: Ասում է, շատերին է առաջարկել, համախմբվել եւ հստակ քայլերի դիմել, սակայն նրա խոսքով ոչ ոք համաձայն չի. «Մի հատ լավ ասացվածք կա. «գեղ կանգնի, գերան կկոտրի»: Ես ասացի՝ եկեք հավաքվենք, մարդիկ չեն հասկանում, որ իրենց իրավունքներն է ոտնահարվում, այսօր միայն  էդ 100. 000 չի որ կորցնում ես: Ասում են իշխանությանը փոխելու համար, ժողովրդին պետք է փոխես, եւ դա ճիշտ է: Եթե էդ բանկը թալանել են, իմ ի՞նչ խնդիրն է: Ես դիմում եմ գրել, ասել են՝ 15 օրից պետք է պատասխան տան: Հետն էլ ասեցին, որ այդ 15 օրվա համար էլ պետք է տոկոս պտտվի, ասեցի թող պտտվի:  Իրենք նույնիսկ այդ տոկոսները չեն կանգնացնում այնքան ժամանակ, մինչեւ տեսնեն, մարդու հարցին ինչ լուծում է տրվում»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նախ շնորհակալ եմ Տաթևիկ Ղազարյանին լուսաբանելու համար: Ուզում եմ հասկանամ, այսքան տուժողներ են եղել, միթե սա այն հարցն է որ արժե լռել…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031