ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա` հայրենասիրության ու խիզախության տոնի առթիվ:
Այսօր առանձնահատուկ հպարտությամբ ենք մեծարում նրանց, ովքեր պաշտպանել ու պաշտպանում են խաղաղությունը, ազատությունն ու անկախությունը, ովքեր արժանապատվորեն են կատարում զինվորականի պարտքը, ովքեր հավատարիմ են երդմանը եւ խղճին: Այսօր վերստին խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր առանց վարանելու իրենց կյանքը զոհաբերեցին հանուն անվտանգ ու ապահով հայրենիքի:
Այս տոնական օրվա առթիվ շնորհավորանքներս նախ եւ առաջ ուղղված են մեր զինվորներին ու սպաներին, առաջին հերթին` մարտական հերթապահություն իրականացնողներին եւ առաջնագծում ծառայողներին, ինչպես նաեւ բոլոր զինծառայողների ծնողներին ու հարազատներին:
Ցանկանում եմ շնորհավորել նաեւ մեր բոլոր վետերաններին` Հայրենական պատերազմից մինչեւ Արցախյան ազատամարտ, ազատամարտիկից մինչեւ պաշտոնաթող զինվորական: Մեր այսօրվա բանակը սերունդների սերտ կապի, փորձի ու պատվախնդրության համադրումն է:
Սիրելի՛ հայրենակիցներ, հայրենիքը, առավել եւս պետականությունը, չի կարող գոյություն ունենալ առանց պատշաճ պաշտպանության: Հայրենիքն ուժեղ է այնքան, որքան ուժեղ է նրան պաշտպանելու յուրաքանչյուրիս ցանկությունը: Մենք կարող ենք վստահորեն նայել ապագային, որովհետեւ ունենք մարտունակ հայկական բանակ, իր երկրին ու ընտանիքին նվիրված խիզախ զինվոր ու սպա, ում շնորհիվ մենք ապրում ենք խաղաղության ու անվտանգության պայմաններում, ովքեր ապահովում են հաղթանակը մարտադաշտում եւ անդորրը` թիկունքում, ում շնորհակալ ենք եւ երախտապարտ:
Մաղթում եմ բոլորիդ եւ հատկապես մեր զինվորներին, սպաներին ու զինված ուժերում քաղաքացիական աշխատանք կատարող բոլոր ծառայողներին առողջություն, խաղաղություն եւ ամենայն բարիք»: