Ավոկադոն չափազանց օգտակար եւ հագեցնող պտուղ է: Անգամ տարբեր ուղղվածության բժիշկները հաճախ իրենց հիվանդներին հորդորում են սննդակարգում ավոկադո ներառել` արագ կազդուրվելու համար: Ավոկադոն ուտում են թարմ վիճակում` առանց ջերմամշակման: Տարբեր աղցաններին ավոկադոն հավելյալ համ ու երանգ է հաղորդում: Առավել հայտնի է գուակամոլեն` մեքսիկական ուտեստն ավոկադոյով,որն արդեն առիթ ենք ունեցել ներկայացնելու ձեզ:
Այսօր առաջարկում եմ ավոկադոյով մեկ այլ բաղադրատոմս, այն շատ պարզ է, արագ պատրաստվող, միեւնույն ժամանակ` շատ համեղ: Կարելի է մատուցել ինչպես նախաճաշին, այնպես էլ օրվա ցանկացած պահին` որպես նախուտեստ:
Անհրաժեշտ մթերքները
Ավոկադո- 1 հատ (լավ հասած)
Կիտրոն- կես հատ
Սերուցքային պանիր (cream cheese)- 150 գրամ
Սխտոր- 1-2 պճեղ
Սեւ հաց- մի քանի կտոր
Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, կանաչ սոխ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ավոկադո ընտրելիս ուշադիր եղեք, որ այն հասած լինի: Արտաքինից միշտ չէ, որ հեշտ է տարբերել, սակայն, երբ փորձեք ձեռքով թեթեւակի սեղմել` կզգաք: Թերհաս ավոկադոն շատ պինդ է, իսկ հասած ավոկադոն ավելի փափուկ է: Շատ փափուկը մի վերցրեք` չի բացառվում, որ գերհասած է, կարող է մեջը սեւացած լինել:
Ավոկադոն մեջտեղից կիսեք: Կորիզը հանեք, կեղեւը հեռացրեք, լցրեք խորը ամանի մեջ եւ պատառաքաղով լավ տրորեք: Ավելացրեք կես կիտրոնի հյութը (կարող եք մինչ այդ կիտրոնի կեղեւն էլ քերել մեջը), աղ, պղպեղ, ցանկության դեպքում` մանրած կանաչ սոխ, քերած սխտորը, նաեւ` սերուցքային պանիրը: Լավ խառնեք, դարձրեք միատարր զանգված:
Սեւ հացը շերտատեք, վրան քսեք այս թանձրուկից եւ մատուցեք: Կարող եք ձեւավորել ըստ ձեր ճաշակի:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ