«Չհայտարարված եւ չվերջացած պատերազմի մեջ ենք, այդ դիվերսիոն գործողությունների չափորոշիչները մենք չենք որոշում»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից օրերս ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձին, ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը: Դիտարկմանն ի պատասխան, թե հակառակորդի քայլը գուցե արտգործնախարարների կրակովյան հանդիպման արձագանքն էր, Մանվել Գրիգորյանը նկատեց. «Կրակոցներ անընդհատ լինելու են, մինչեւ վերջնականապես Արցախի անկախությունը ճանաչվի, սահմանները գծվեն: Գուցե քաղաքական պատճառներ ունի դա, բայց սահմանին լարվածություն եղել է ու կլինի»:
Խոսելով ՀՀ ԶՈՒ արդիականացման յոթամյա ծրագրի մասին՝ Մանվել Գրիգորյանը նշեց. «Մեզ առաջնահերթ պետք են բարոյահոգեբանական բարձր մակարդակում գտնվող զինվոր եւ ֆինանսական միջոցներ՝ զինվելու համար: Զինվորին պետք է ամեն ինչով ապահովել»:
Ինչ վերաբերում է ՌԴ կողմից Ադրբեջանին զինտեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարմանը, գեներալը փաստեց. «Ադրբեջանը հիմնականում Ռուսաստանից է գնում, բայց այլ երկրներից էլ է գնում: Վաճառում են, փող ունեցողն էլ առնում է: Այնպես չի, որ մենք քնած ենք, մենք էլ ենք առնում: Մեր զինվորներն այսօր շատ բաներով են ապահովված: Շատ դիվերսիոն փորձեր հիմա չեն ստացվում, որովհետեւ մերոնք տեսնում են առաջնագիծը: Այո, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց մեկը զենքը ծախում է, մյուսն էլ՝ առնում: Ինձ համար դա նորմալ չի, անկախ նրանից, թե թշնամուն ով է զենք վաճառում: Առաջնագծի զինվորը գիտի՝ ում զենքով են իրեն սպանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ