Գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր Հայոց բանակի 26-ամյակի առթիվ «Եռաբլուր» այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու, ներկայում Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին: «Նա լուրջ մարդ է: Վարչապետ եղած ժամանակ ծառայել է իր երկրին, վաղուց եմ ճանաչում նրան»,-ասաց Մանվել Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանն աշխատանքից վախեցող չի. «Այն ժամանակ, երբ երկրում ծանր վիճակ էր, նա չվախեցավ վարչապետի պաշտոնը ստանձնել: Նրան դրսից էին հրավիրել, բայց նա թողեց՝ եկավ»: Լրագրողի դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանն ի վերջո նախընտրեց մեկնել ՀՀ-ից, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Առողջական խնդիր է ունեցել, մի վարկաբեկեք»:
Ապա գեներալը, դիմելով լրագրողին, ասաց. «Աստված չանի՝ դու էլ առողջական խնդիր ունենաս: Ես գիտեմ դա ինչ է: Ամոթ է, չի կարելի նման բաներ ասել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ