Լրահոս
Օրվա լրահոսը

Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Հունվար 28,2018 11:10

Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Մինչ այդ Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնել է զոհված հերոսներին հետմահու շնորհված պետական բարձր պարգևները: Արարողությանը ներկա են եղել նաև այդ ընտանիքներին կցված կուրսանտները, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի կուրսանտներ և ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ:

Հանրապետության Նախագահը նաև իր շնորհավորական ուղերձն է հղել Բանակի օրվա առթիվ:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր երկրի վահանն են, մեր հպարտությունը: Մեր բանակը, լինելով մեր ժողովրդի անվտանգության հուսալի երաշխիքը, նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչն է:

Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պետականության և կանոնավոր բանակի բացակայություն և գիտենք, թե որքան թանկ ենք վճարել դրա համար: Ծանր փորձություններ տեսած ազգի համար սեփական բանակի գոյությունն իսկ ունի առանձնահատուկ ընկալում:

Մեր բանակը համաժողովրդական բանակ է, որ ստեղծման օրվանից զգում է ժողովրդի սերն ու հարգանքը, վայելում ժողովրդի վստահությունն ու անվերապահ աջակցությունը: Վստահ եմ, որ ապագայում ևս Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը փայփայելու և գուրգուրելու են իրենց առաջնեկին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ երկար ընդմիջումից հետո տեսավ հայկական զինական ուժի վերածնունդը, տեսավ նրա ամրացումն ու կայացումը: Մենք այն սերունդն ենք, որը ոչ միայն տեսավ, այլև մասնակիցը և վերակերտողը դարձավ այդ բանակի: Պատմական հանգամանքների բերումով, իսկ ավելի ճշգրիտ ձևակերպմամբ` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պարտադրանքով, Արցախյան ազատամարտի բերումով, մեր անկախ պետականության շենքը մենք սկսեցինք կառուցել ինքնապաշտպանությունից: Բանակը դարձավ մեր նորանկախ հայկական պետականության առանցքը:

Մեր ազատամարտիկները, իսկ հետագայում արդեն զինվորներն ու սպաները անցան փառահեղ մարտական ուղի՝ դնելով այսօրվա բանակի հիմքերը: Տոնական այս օրն առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց առաքելությունն անմնացորդ կատարելու համար:

Գաղտնիք չէ, որ այսօր մենք որակապես այլ բանակ ունենք` զինված ամենաարդիական զինատեսակներով, հագեցած ժամանակակից սարքավորումներով: Բայց մենք շարունակում ենք և շարունակելու ենք հետևողականորեն բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Այդ նպատակով ընդունվել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, ինչը կյանքի ենք կոչելու ժամանակացույցին համապատասխան: Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք Եռաբլուրում ենք: Այս սրբազան տոնի օրը մեր պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք և ազատություն պարգևեցին: Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Կոչ ենք անում սերունդներին՝ մշտապես վառ պահել նրանց հիշատակը, Հայաստանի ժողովրդի այս կարևոր տոնի խորհուրդն ու իմաստը:

Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031