Հունվարի 27-ին Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում նշվեց ՀՀ բանակի տարեդարձը, կատարվեց 4-րդ դարում նահատակված Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինակից ընկերների նահատակությանը նվիրված պատարագ, երիտասարդների եւ զինծառայողների օրհնության կարգ:
Կեսօրին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում կայացավ համերգ՝ նվիրված ՀՀ բանակի 26-րդ տարեդարձին եւ Սուրբ Սարգսի տոնին: Դահլիճը լեփլեցուն էր, ներկա էր նաեւ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը` իր տիկնոջ հետ: Դահլիճում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանապահ զորամասի տասնյակ զինծառայողներ: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը օրհնեց միջոցառումը: Համերգը վարում էին ասմունքող, դերասանուհի Նաիրա Աբրահամյանը եւ 2016թ. ապրիլյան պատերազմի մասնակից Էդգար Ռեւազյանը:
Ելույթ ունեցան Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի «Սոսե» եւ «Պարող կարապներ» պարի համույթները, բանաստեղծ, երգչուհի Կարինե Ալեքսանյանը, Հայկ եւ Մարիամ Բեջանյաններն ու ուրիշներ: Երկրապահ կամավորակաների միության Նոյեմբերյանի տարածաշրջանի կազմակերպության նախագահ Ռաֆիկ (Մուրո) Ասլանյանն ասաց, որ Նոյեմբերյանի երկրապահները միշտ պատրաստ են ամրագրվել Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշպանությանը, ինքը եւ իր մարտական ընկերները 2016թ. ապրիլին կամավոր Արցախի սահմանագոտի են մեկնել: Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում տիրում էր հայրենասիրական, խրոխտ տրամադրություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ