Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հունվարի 20-ից փետրվարի 3-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Սա այս տարվա առաջին հավաքն է, որից հետո ըմբիշները փետրվարի 6-ին Իրանում կմասնակցեն «Թախտիի գավաթին»: Այնուհետեւ ազգային հավաքականն Օլիմպավանում տասնօրյա հավաք կանցկացնի եւ հանդես կգա Կիեւի միջազգային մրցաշարում:
«Այս երկու մրցաշարերից հետո կսկսենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Կասպիյսկում (Դաղստան) ապրիլի 30-ից մայիսի 6-ը: Եթե տեսնենք, որ որեւէ մեկը մրցաշարային պրակտիկայի պակաս ունի, դեռ տարբերակ ունենք՝ Խարկովի մրցաշարը: Մայրցամաքի առաջնությունից առաջ Վլադիկավկազում վերջին հավաքը կանցկացնենք:
Ծաղկաձորում հավաքականի առաջին համարների հետ մարզվում են նաեւ երիտասարդները՝ ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ: Նրանք հավաքը կավարտեն փետրվարի 1-ին, քանի որ հաջորդ օրը պետք է մեկնեն Մոլդովա՝ միջազգային մրցաշարի:
Գեորգի Կետոեւը եւ Լեւան Բերիանիձեն այս օրերին հանդես են գալիս Հնդկաստանի ակումբային առաջնությունում: Նրանք պայքարում են նույն թիմում եւ բավականին հաջող: Ծանր քաշերում մենք ավանդաբար խնդիր ունենք մարզումային մրցակիցների առումով: Հնդկաստանի մրցաշարն ուժեղ կազմ է հավաքել, եւ մեր մարզիկները լավ պրակտիկա են ձեռք բերում: Նրանք «Թախտիի գավաթին» կմասնակցի Անդրանիկ Գալստյանը (125 կգ): 97 կգ քաշային կարգում խնդիրն ավելի բարդ է, քանի որ Շամիր Աթյանն այժմ հանդես է գալիս 92 կգ քաշային կարգում»,-ասում է Հաբեթնակ Կուրղինյանը:
Ազատ ոճայինները հաճախ են մարզումը սկսում դահուկավազքով, ինչը, մարզչի խոսքով, ֆիզիկական օգտակար ծանրաբեռնվածություն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ