ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 22:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները:
Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին, Լոռու մարզում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-168-րդ կիլոմետրին բուք է, տեսանելիությունը՝ 20 մ:
Սյունիքի մարզի Գորիս, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին առկա է մառախուղ: Սյունիքի մարզում և Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ ԱԻՆ