ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը փաստում է, որ ստեղծումից ի վեր ներկայիս Ադրբեջանի հանրապետությունը հայերի հանդեպ իրականացնում է ցեղասպանական գործողություններ: Նրա խոսքով՝ Բաքվի եւ Սումգայիթի ջարդերն այդ հայատյացության մի քանի դրվագներն են միայն, իսկ այսօր ամբողջ աշխարհում Ադրբեջանի գործողությունները միտված են կրկին հայատյացությանը:
«Թուրքիայի կողմից Ադրբեջանի՝ որպես երկրորդ թուրքական պետության ստեղծումը տեղի է ունեցել ցեղասպանություն՝ հայաթափություն եւ հայատյացություն իրականացնելու նպատակով: Այդ այլատյացությունից մեծապես տուժել են հայերը, իսկ այսօր շարունակում են տուժել նաեւ Արբեջանի բնիկ՝ էթնիկ խմբերը»,-Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր «Ազգայնամոլության և այլատյացության դեմքը՝ 30 տարի առաջ և այժմ» խորագրով քննարկման ժամանակ ասաց նա:
«Թուրքիայում կան հայկական դպրոցներ եւ եկեղեցիներ, իսկ Ադրբեջանում՝ ոչ…Սա քաղաքական գործունեություն է,-հավելեց Լարիսա Ալավերդյանը: Նրա բնորոշմամբ՝ Սումգայիթյան ջարդերի մասին անընդհատ պետք է բարձրաձայնել եւ խնդիրը ներկայացնել եւ իրավական հարթության վրա: Հիշեցնենք, որ Սումգայիթի ջարդերը տեղի են ունեցել 1988թ. այս օրերին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ