«Խաղաղությունը բանակի ամենակարեւոր նախապայմանն է, որն այսօր պահպանվում է մեր բանակում, իսկ տարածաշրջանում ամենախաղաղը հայոց բանակն է»-Aravot.am-ի հետ զրույցում նշեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նրա խոսքերով՝ հնարավոր է, որ սպան, զինվորը սխալ պահեն իրենց, բայց այդ ամենը վերագրել ընդհանուր բանակին՝ սխալ է:
«Տարեցտարի բարելավումներ են տեղի ունենում բանակի ներսում՝ սկսած կենցաղային պայմաններից մինչեւ սահմանային անվտանգ պահպանության հարցեր: Կան երեխաներ, որոնք բարձրաձայնում են, որ օրինակ՝ բանակի լոգարանային պայմաններն ավելի լավն են, քան իրենց տան»,-ասաց պարոն Զաքարյանը:
Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում անընդհատ բարձրաձայնվող բանակային խնդիրների կարգավորման մասին Արշակ Զաքարյանն ասաց, որ դրանից հետո բանակը ուղղակի ավելի ամրապնդվել է զինտեխնիկայի առումով:
Խոսելով բանակային խնդիրների մասին՝ նշեց, որ ամեն տեղ էլ խնդիրներ կան. «Բանակն այն կառույցը չէ, որ պետք է խնդիրները բարձրաձայնել՝ դրանք պետք է ըստ առաջնահերթության լուծել: Անհնար է բանակի ղեկավարը չցանկանա, որ առաջացած խնդիրները չլուծվեն, մնան: Ի վերջո` խնդիրները լուծվում են՝ ոչ թե անընդհատ խոսելով, այլ բարելավելով հենց զինվորի կեցության պայմանները, անվտանգությունը»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ