ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հունվարի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիա Մ. Սալմանին։
Փոխնախարարն ընդգծել է, որ երկու երկրի առողջապահության ոլորտի ղեկավարները վերջին տարիներին փոխայցելություններ են կատարել, համատեղ պլաններ մշակել։ Իսկ 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրվել է փոխըմբռնման Հուշագիր։
«Իրաքցի մեր գործընկերները հետաքրքրված էին ինչպես մասնագետների, այդ թվում՝ բուժքույրերի և բուժակների Հայաստանում վերապատրաստումով, այնպես էլ մեր երկրում իրաքցի երեխաների սրտի վիրահատությունների կազմակերպումով»,-նշել է Սերգեյ Խաչատրյանը։
Ալիա Մ. Սալմանն ասել է, որ Իրաքն այժմ ջանքեր է գործադրում երկրի վերակառուցման և բոլոր ոլորտներում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ։ Այս ենթատեքստում կարևորվում է համագործակցության խորացումն ու ընդլայնումը նաև առողջապահության ոլորտում։ Նա խնդրել է փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին ոլորտի հայաստանցի արտադրողներին և ներկրողներին փոխանցել իր երկրի կառավարության հորդորը Իրաքում հայտարարվող միջազգային մրցույթներին մասնակցելու վերաբերյալ։
«Մենք կարևորում ենք ոչ միայն իրաքցի մասնագետների վերապատրաստումը Հայաստանում, համատեղ մյուս ծրագրերը, այլև ոլորտի հայ արտադրողների և ներկրողների մասնակցությունը պատերազմից հետո առողջապահական համակարգի վերականգնման գործում»,-ընդգծել է Ալիա Մ. Սալման` ներկայացնելով առաջիկայում Բաղդատում և Քուվեյթում կայանալիք միջազգային ցուցահանդեսգիտաժողովները։
Սերգեյ Խաչատրյանը վստահեցրել է, որ հայ գործընկերներին կտեղեկացնի և կհորդորի մասնակցել այդ միջոցառումներին։
Երկուստեք կարևորվել է 2012 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման Հուշագրի գործողության ժամկետի երկարացումը։
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն