ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 26-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Մակարովին հրավերի համար եւ ընդգծել, որ հայ պատվիրակների համար մեծ պատիվ է մասնակցել Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառումներին:
Անդրադառնալով հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ դրանք կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Նա երկկողմ շփումների ակտիվացման հարցում առանձնակի կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Փոխգործակցության ընդլայնման համատեքստում պարոն Շարմազանովն անդրադարձել է միջռեգիոնալ մակարդակով հարաբերությունների զարգացմանը, արժեւորել Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ կապերի խորացումը, համատեղ ծրագրերի իրականացումը:
ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում իր ուրույն տեղն ունի հայ համայնքը, որը ձեւավորվել է դեռեւս Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրերից:
«Բազմաթիվ հայորդիներ իրենց հետքն են թողել Սանկտ Պետերբուրգի մշակութային եւ հասարակական-քաղաքական կյանքում: Այս տարի լրանում է հայազգի ականավոր զորավար եւ պետական գործիչ, Ռուսական կայսրության մեծ բարեփոխիչ Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: Մենք շնորհակալ ենք Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի ղեկավարությանը Լոռիս-Մելիքովի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար:
Անգնահատելի է հայ ժողովրդի զավակների դերը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադի պաշտպանության գործում: Ֆաշիզմի դեմ հաղթանակը մեր ժողովուրդների համընդհանուր հաղթանակն է: Տասնամյակներ անց դրա կարեւորությունը շարունակում ենք գիտակցել, քանի որ այսօր էլ ԼՂ ժողովուրդն է պայքարում իր ազատության եւ անկախության համար: Ազատության եւ անկախության ձգտումը միավորում է հերոսական Լենինգրադի բնակչությանը եւ Արցախի հերոս քաղաքացիներին»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանն ու Ռոմիկ Մանուկյանը:
ՀՀ Ազգային ժողով